Ֆրանսիական ոստիկանությունն այսօր ձերբակալել է հայտնի քաղաքական գործիչ, Adidas ընկերության նախկին համասեփականատեր և քաղաքական գործիչ Բեռնար Տապիին: Այս մասին հայտնում է Le Figaro-ն: Նրան կասկածում են «Տապիի գործով» ֆինանսական խարդախությունների մեջ: Նշենք, որ նույն գործով է անցնում նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը:
Խոսքը 1993 թվականին Adidas-ում Տապիի մասնաբաժնի վաճառքի մասին է: Գործարքի իրականացման համար ստեղծվել էր հատուկ կոնսորցիում, որը ղեկավարել է Credit Lyonnais բանկը: Գործարքի ավարտից հետո Տապին բանկին մեղադրել է խարդախության մեջ ու փոխհատուցում պահանջել:
Քննությունը կարծում է, որ Տապիին 285 մլն եվրո փոխհատուցում վճարելու դատարանի որոշման վրա 2008-ին կարող է ազդած լինել Լագարդը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Լագարդը հերքում է իր լիազորությունների չարաշահման մեղադրանքները:









































