Ժամանակակից տեխնիկան զարմացնում է իր բազմաֆունկցիոնալությամբ. նույնիսկ արդեն ձեռքի ժամացույցներին են ավելացվում հաշվիչի, ռադիոյի գործառույթներ: Ճապոնական Tokyoflash ընկերության ներկայացուցիչները հետաքրքիր արտադրանք են ստեղծել՝ ժամացույց՝ ալկոթեստի գործառույթով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Սարքն ունի երկու մասի բաժանված մեծ դիսփլեյ: Ձախ հատվածում գտնվում է ժամացույցը, իսկ աջում՝ պրոմիլների սանդղակ: Հարբածության մակարդակի ստուգման նպատակով անհրաժեշտ է սեղմել կոճակն ու բերանով 5 վայրկյան փչել էկրանին: Հատուկ ցուցիչը կչափի Ձեր հարբածության մակարդակն ու արդյունքները ցույց կտա դիսփլեյի վրա: Եթե կանաչ լույս վառվի, նշանակում է՝ մարդը միանգամայն սթափ է, եթե դեղին, ապա արյան մջ ալկոհոլի քանակությունը տատանվում է 0.4-0.6 պրոմիլի սահմանում, իսկ եթե կարմիր, ապա՝ ավելի քան 0.6:
Նորույթն արժե 99 դոլար: Այն հիանալի նվեր կլինի ավտոսիրողների համար, սակայն արտադրողները նախազգուշացնում են, որ միշտ չէ, որ սարքը ճիշտ կչափի ալկոհոլի մակարդակն արյան մեջ, և պետք չէ այն կիրառել ոստիկաններին Ձեր արդարացիությունն ապացուցելու համար:









































