Դիլիջանում ընթացող ՖԻԴԵ-ի 2013-ի կանանց մրցաշարի կազմակերպման նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Դիլիջանի երկրաբանական թանգարանի և Dilijan Resort & SPA հյուրանոցի տարածքներն ապահովում է ինտերնետ հասանելիությամբ և աջակցում է ամբողջական տեխնիկական սպասարկմամբ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած լայնաշերտ ինտերնետ կապի առաջադեմ տեխնոլոգիաների և մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետի շնորհիվ, աշխարհի տարբեր անկյուններում գտնվող շախմատի սիրահարները հնարավորություն ունեն մրցաշարը դիտել առցանց ռեժիմով: Գերարագ ինտերնետի շնորհիվ, մրցաշարի մասին պատմող պատկերներն ու տեսանյութերը կարող են վերբեռնվել և հասանելի դառնալ լայն հանրությանը: Քանի որ դիտողներն ինտերնետի միջոցով ավտոմատ կերպով գրանցվում են ՖԻԴԵ-ի վեբկայքում, շախմատի սիրահարները կարող են նաև անմիջապես տանից հետևել մրցաշարի ընթացքին, մարզիկների յուրաքանչյուր քայլին:
Ավելին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ, մրցաշարի հյուրերն իրենց տրամադրության տակ ունեն գերարագ Wi-Fi ինտերնետ՝ տեղեկությունները փոխանակելու, ինչպես նաև հյուրանոցից իրենց ընտանիքների և մտերիմների հետ կապի մեջ մնալու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մրցաշարի անցկացման օրերին հետևում են ցանցի աշխատանքին և անհրաժեշտության դեպքում` մասնակիցների և հյուրերի համար ապահովում տեխնիկական աջակցություն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է մի նախագծի, որը ձեռք է բերել ազգային հաղթանակների և հպարտության նշանակություն: Մենք` հայերս, լինելով ոչ մեծաթիվ ազգ, շախմատային հսկա ենք աշխարհում: Փաստ, որն ապացուցում է, որ մտավոր կապիտալը մեր մրցակցային առավելությունն է:
«Գրան Պրի»-ին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից 12-ը, ովքեր ներկայացնում են Հնդկաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մոնղոլիան, Վրաստանը, Սլովենիան, Բուլղարիան, Լիտվան և Հայաստանը:
Միջազգային կարևորագույն այս մրցաշարը նվիրված է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակի 50-ամյակին, որը նա տոնել է 1963թ.՝ Միխայիլ Բոտվիննիկի հետ պայքարում:









































