Ավստրալիայի արևելյան ափին այսօր ուժեղ ձնաբուք է սկսվել: Աղետը հիմնական հարվածը հասցրել է երկրի ամենախիտ բնակեցված Նոր Հարավային Ուելս նահանգին: Ձյան հաստ շերտի պատճառով տրանսպորտի վարչությունը որոշում է կայացրել մայրուղու մի հատվածի փակման մասին, որը կապում է Լիտգոու և Բեթըրսթ բնակավայրերը: Բնակիչներին խորհուրդ է տրվել խուսափել չպլանավորված ուղևորություններից, հաղորդում է Vesti.ru-ն:
Օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչ Քրիստինա Ռեփլիի խոսքերով` այս սեզոնի համար նմանատիպ տեղումները կապված են սեզոնային ցածր ջերմաստիճանների հետ: «Ընթացիկ մայիսը վերջին տասը տարիների ընթացքում ամենացուրտն է, և մի շարք շրջաններում ջերմաստիճանն իջել է զրոյից ցածր»,- հայտնել է նա: «Չնայած մոտ օրերին արևոտ եղանակ է լինելու, սակայն արևելքից եկող սառը հոսանքների հետևանքով դեռ կգրանցվեն ցածր ջերմաստիճաններ»,- ավելացրել է մասնագետը: