Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ու ԵՄ-ն նախօրեին երկկողմ համաձայնագիր են ստորագրել ահաբեկիչների ու ահաբեկչությունը ֆինանսավորող անձանց արտահանձման մասին:
Այսուհետ ԵՄ-ն Անկարայի պահանջով կարտահանձնի PKK-ի զինյալներին, ինչպես նաև Թուրքիայի այն քաղաքացիներին, որոնք ներգրավված են ահաբեկչական գործունեության ֆինանսավորման մեջ:
Նախօրեին Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ եվրոպական երկրները «անկեղծ չեն» ահաբեկչության դեմ իրենց պայքարում:
Նրա խոսքերով՝ եվրոպական երկրները պետք է ահաբեկչության դեմ պայքարում իրապես աջակցեն Թուրքիային և ոչ թե պարզապես ափսոսանք հայտնեն. «Թուրքիայի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Անկարան չպետք է զիջումների գնա ահաբեկիչներին»:
Վերջին երկու օրում Թուրքիայում իրականացվել է երկու ահաբեկչություն, որի հետևանքով զոհվել է 15 և վիրավորվել մոտ 80 մարդ:









































