4 տարի առաջ մոտավորապես այս նույն ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը «Բազե» համահայկական հավաքի ժամանակ հայտարարեց, որ աշխարհասփյուռ գործարարներին հրավիրում է Հայաստան ներդրումներ անելու:
Դրան հաջորդեց իշխանական քարոզչությունը, որը հանրությանը ներկայացնում էր, թե ինչպես է, ասենք, այս կամ այն գործարարը արձագանքում Սերժ Սարգսյանի կոչին, և հայտարարում Հայաստանում մի քանի միլիոն դոլարի ներդրում կատարելու պատրաստակամության մասին: Օրինակ` նշվում էր, որ, ասենք, սփյուռքահայ գործարար Պողոս Պետրոսյանը կամ Պետրոս Պողոսյանը իր ոգևորությունն է հայտնում նախագահի կոչից և նշում, որ որոշել է Հայաստանում կատարել, ասենք, հիսուն միլիոն դոլար ներդրում: Դա ենթադրում է, որ եթե չլիներ Սերժ Սարգսյանի կոչը, ապա չէր լինի նաև այդ հիսուն միլիոն դոլար ներդրումը: Համենայնդեպս, դա էր քարոզչական հնարքի առանցքը: Սակայն այդ առանցքը փաստացի խարխուլ է և այն էլ` չափազանց խարխուլ: Իսկ խնդիրն էլ այն է, որ իշխանությունը չնկատելով այդ առանցքի խարխուլությունը, ինչպես որ գրեթե բոլոր հարցերում, շարունակում է մուրճով հարվածել դրան:
Չորս տարի է անցել, բոլորը մոռացել են, թե Սերժ Սարգսյանի կոչը և թե սփյուռքահայերի արձագանքը: Չորս տարվա հեռավորությունից անհասկանալի է, թե ինչ նպատակ էր հետապնդում իշխանության այդ քայլը: Եթե նպատակը ցույց տալն էր, որ մի կոչով արված ներդրումների շնորհիվ շատ շուտով Հայաստանը կդառնա մոտավորապես ղազախական Աստանա կամ Մոսկվա, ապա դա ուղղակի հանրությանը խաբելու հերթական փորձն է եղել: Նախ, հայտարարությունից, այսինքն` միլիոններ ներդնելու պատրաստակամությունից հետո այդ գործարարները ոչ մի ցենտ ներդրում չեն կատարել: Իսկ այդ մասին արդեն կարծես թե խոսք չկա:
Եթե իշխանության քարոզչական հնարքի նպատակը ցույց տալն էր, թե ինչպես են արտասահմանցի հայ գործարարները վստահում Սերժ Սարգսյանին, ապա դա նույնպես հանրությանը խաբելու հերթական ձևն էր: Թեկուզ և այն պարզ պատճառով, որ արտասահմանում կան մեծ թվով գործարարներ, որոնք այդպես էլ չարձագանքեցին Սերժ Սարգսյանի կոչին: Հետևաբար, երևի թե հեռուստադիտողի հանդեպ ավելի ազնիվ կլիներ, եթե նշվեին նաև այդ գործարարների անունները` ավելի իրատեսական պատկեր ստանալու համար: Դրանից բացի, այդ գործարարների և Սերժ Սարգսյանի միջև վստահությունը բոլորովին այլ կարգի վստահություն է, քան վստահության այն դեֆիցիտը, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն անցյալ տարի, այլ այս տարի առավել շատ ունի սեփական հասարակության շրջանում: Գործարարները միգուցե վստահեին նրան, եթե նրանց տրվեին արդարացի բիզնեսի երաշխիքներ: Սակայն դա ամենևին կապ չունի քաղաքացիական վստահության հետ, որի պակասը ունեցել է և ունի Հայաստանի իշխանությունը:
Հայաստանում պետք է ոչ միայն պաշտպանված լինեն նրանք, ովքեր կապիտալի ներդրում են կատարում, այլ մարդիկ, ովքեր իրենց ամենաթանկ կապիտալն են Հայաստանում ներդրել` կյանքը, և ապրում են այս երկրում: Այսինքն` Հայաստանում պետք է պաշտպանված լինի քաղաքացին, նրա իրավունքը, ազատությունը: Այլապես, մարդը, որ լսում է ինչ-որ միլիոններ ներդնելու պատրաստ գործարարի մասին, նրան էլ արդեն սկսում է ընկալել որպես իշխանության գործիք, ոչ թե մի հայրենասեր, որը ցանկանում է շենացնել իր երկիրը: Հետևաբար, իշխանական քարոզչամեքենան երևի թե բավական օգտակար քայլ կատարած կլինի հասարակության և պետության համար ընդհանրապես, եթե բացի ֆինանսական, ներդրումային և այլ կարգի նյութատեխնիկական անձրևներից, մի քիչ էլ խոսի երկրում առկա իրավունքի և ազատության անապատից կամ անապատացող իրավունքից և ազատությունից:









































