Նոյեմբերի 25-ին Նոր Մարաշում ՀՀ ազգային անվտանգության կողմից վնասազերծվել էր զինված հանցախումբ։ Ամիսներ անց ձերբակալված և կալանավորված տաս անձանց շրջանակն ընդլայնվեց՝ ձերբակալվեցին նախկին պաշտոնյաներ, ազատամարտիկներ։ Գործը մինչ այժմ շարունակում է մնալ նախաքննության փուլում։
Հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի կարծիքով՝ մոտավորապես երկու ամսից նախաքննությունը կավարտվի։ Մինչ այդ, Բաղդասարյանը բարձրաձայնում է՝ իր պաշտպանյալն ամբողջությամբ անմեղ չէ, բայց պատիժ պետք է կրի միայն իր արածի համար։ Ասում է՝ Վարդանյանի հայրն ազատամարտիկ էր, զոհվել է Արցախյան հերոսամարտի ժամանակ, ինքն էլ մեծացել է այդ ոգով և չէր կարող անել մի քայլ, որն իր պետության դեմ կլիներ։
Փաստաբանը բացառում է այն վարկածը, թե Վարդանյանն ու իր կողմնակիցները պատրաստվում էին ահաբեկչական ակտ իրականացնել՝ սպանել երկրի առաջին դեմքերին։
Հանցախմբի գործի շրջանակներում ձերբակալվել էր պահեստազորի փոխգնդապետ, ընդդիմադիր քաղաքական հայացքներով հայտնի ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը։ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Ավետիսյանն ու ձերբակալված մյուս ազատամարտիկները դիմումով հանդես եկան, որպեսզի իրենց ազատ արձակեն՝ մեկնեն դիրքեր, նորից վերադառնան ու բանտարկվեն։ Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը նշում է՝ արդեն մեկ ամիս է իր պաշտպանյալի հետ քննչական գործողություն չի իրականացվել։
Արթուր Վարդանյանի փաստաբանն էլ եզրափակում է՝ հանդիպումներ ազատամրտիկների հետ իր պաշտպանյալն ունեցել է, բայց չէին պատրաստվում իրականացնել որևէ ծանր հանցագործություն կատարելու պայմանավորվածություն։
Բաղդասարյանը եզրափակում է՝ նախաքննության ավարտին հանրությունը կիմանա, թե ով էր պատվիրատուն, և ում պատվերն այդպես էլ Արթուր Վարդանյանն ու հանցախմբի այլ անդամները չեն իրականացրել։ Ի դեպ, ըստ Բաղդասարյանի՝ Վարդանյանը պատվերը չի իրականացրել ոչ այն պատճառով, որ խումբն Ազգային անվտանգության կողմից ժամանակին վնասազերծվել է։







































