ԱՄՆ ՀԴԲ-ն վերջին երկու տարիներին ակտիվացրել է քողարկված գործակալների օգտագործումը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվող ամերիկացիների գործերում: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Պարբերականի տեղեկությամբ՝ 2 տարի առաջ ՀԴԲ-ն իր գաղտնի գործակալներին օգտագործել է «միայն ծայրահեղ դեպքերում» ծայրահեղականների հետ կապերի մեջ կասկածվողների սադրանքի և նրանց մասին տեղեկությունների հավաքման համար: Ներկայումս բյուրոն այդպիսի մեթոդներ է կիրառում «3 դեպքից երկուսում», ինչը բերել է «մոտ 90 ամերիկացիների գործերը դատարարան հանձնելուն»՝ գրում է պարբերականը:
«Մենք չենք պատրաստվում սպասել, մինչև մարդն ինքնուրույն մոբիլիզացվի: Մենք չենք նստի և սպասի՝ իմանալով, որ տվյալ անձը ակտիվորեն դավադրություն է ծրագրում»,- ասել է ՀԴԲ ստորաբաժանումներից մեկի ղեկավար Մայքլ Սթեյնբախը:
Սակայն պարբերականը հայտնում է, որ ըստ փորձագետների՝ ՀԴԲ-ն «ահաբեկչական գործեր է կեղծում մարդկանց դեմ, որոնք հեռու են ԱՄՆ-ի համար իրական սպառնալիք ներկայացնելուց»:







































