ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է ԿԺԴՀ-ի նկատմամբ գործող արտակարգ իրավիճակի ռեժիմը: Նրա ստորագրած փաստաթուղթն այս կապակցությամբ ուրբաթ օրը տարածել է Սպիտակ տունը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Տվյալ ռեժիմը Վաշինգտոնի կողմից սահմանվել է 2008 թ.՝ կապված ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության դեմ սպառնալիքի հետ, որն իրենից ներկայացնում է Կորեական թերակղզում ռազմական ծրագերի մեջ կիրառվող տարրալուծվող նյութեր։ Այս մասին նշվում է փաստաթղթում: Այնտեղ նաև ընդգծվում է «ԿԺԴՀ-ի վերաբերյալ որոշ սահմանափակումների անհրաժեշտությունը՝ ըստ թշնամի պետությունների հետ առևտրի արգելքի վերաբերյալ օրենքի»:
«Միջուկային զենքի տարածման վտանգը և ԿԺԴՀ-ի կառավարության գործողություններն ապակայունացնում են Կորեական թերակղզում իրավիճակը, վտանգի ենթարկում ԱՄՆ-ի զինծառայողներին, դաշնակիցներին և տարածաշրջանում առևտրական գործընկերներին, ինչպես նաև շարունակում սպառնալիք ներկայացնել ԱՄՆ արտաքին քաղաքական և առևտրային շահերին»,- Կոնգրեսին հղված նամակում ընդգծել է Օբաման:








































