Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո մահվան սպառնալիքներ ստացած բանաձևի նախաձեռնողներից, Կանաչների խմբակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը պատասխանել է իր հասցեին ծանր քննադատություն հնչեցրած Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին:
Գերմանական Deutsche Welle ռադիոկայանի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ բանաձևի ընդունման օգտին քվեարկած Օզդեմիրն իր և Բունդեսթագի մյուս թուրք պատգամավորների հասցեին Էրդողանի արած արտահայտությունները «ոչ ժամանակակից» է բնութագրել:
Անդրադառնալով Բունդեսթագում Հայոց ցեղասպանութան բանաձևն ազգությամբ թուրք պատգամավորների կողմից պատրաստվելու փաստին՝ Էրդողանն ասել էր. «Ի՞նչ թուրք, նրանց արյունը պետք է լաբորատոր քննության ենթարկել»:
Գերմանական Die Zeit պարբերականը հայտնել է, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո թուրքական ծագում ունեցող բոլոր 11 պատգամավորներն սկսել են մահվան սպառանալիքներ ստանալ:
Սպառնալիքների մեծ բաժին է հասել Կանաչների խմբակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին: Թուրք պատգամավորները խնդրի մասին հայտնել են Գերմանիայի Դաշնային անվտանգության ծառայությանը: Ջեմ Օզդեմիրի տան մոտ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել:
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը բանաձեւ է ընդունել, որում Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային տարիներին հայերի զանգվածային տեղահանություններն ու կոտորածները բնութագրել է որպես ցեղասպանություն: Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ Թուրքիան «մինչ օրս հրաժարվում է խոստովանել, որ հայերի տեղահանությունները, հետապնդումներն ու սպանությունները ծրագրված բնույթ են կրել»:









































