Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) երեկ հանրահավաք է անցկացրել Ստամբուլում, որը ստացել է «Ժողովրդավարական դիմադրություն ընդդեմ հեղաշրջման» անվանումը:
Իր ելույթում ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը մեկնաբանել է Թուրքիայի խորհրդարանի կողմից բազմաթիվ պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու հարցը: «Մենք չենք վախենում դատվելուց: Սակայն ատյանը, որը անցկացնելու է դատավարություն, մեր ակնկալիքներով պետք է լինի իրական դատական ատյան: Դա մեր իրավունքն է: Արդյոք կա՞ այն: Ո՛չ: Քաղաքական պատվերով վերացրին պատգամավորական անձեռնմխելիությունը և քաղաքական վրեժ լուծելու համար մեզ դատելու են»,- ասել է նա:
Հաղորդվում է, որ հանրահավաքին մասնակցել է նաև ԺԴԿ պատգամավոր Գարո Փայլանը: Ոստիկանությունը ձեռնարկել է անվտանգության խիստ միջոցառումներ: Մի շարք ցուցարարներ պարզել են քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պաստառները: Կան ձերբակալվածներ:









































