Գերմանական Die Zeit թերթի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Բունդեսթագը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները ճանաչեց որպես ցեղասպանություն, թուրքական ծագմամբ գերմանացի բոլոր պատգամավորներին սպառնացել են հաշվեհարդար տեսնելով:
«Կանաչներ» կուսակցության պատգամավոր Օզքան Մութլուն, ելույթ ունենալով գերմանական հեռուստատեսությամբ, հայտարարել է աննախադեպ մասշտաբի սպառնալիքների մասին, որոնց բախվել են թուրքական արմատներով բոլոր 11 պատգամավորները: Օրինակ, Անկարայի քաղաքապետը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է բոլոր այդ պատգամավորների լուսանկարը, որից հետո այն տարածվել է սոցցանցի օգտատերերի շրջանում, ինչն ուղեկցվել է նրանց սպանելու մասին կոչերով:
Մութլուն մտավախություն ունի, որ իշխանությունների կողմից նման քայլը թուրքերի շրջանում կգնահատվի որպես նման գործողությունների մղում: Նա հիշեցրել է, որ Թուրքիայում խելագարների ձեռքով սպանվել են բազում մարդիկ:
«Կրակի վրա յուղ է լցրել» Էրդողանի մեկնաբանությունը, որը ոչ միայն դատապարտել է Բունդեսթագի որոշումը, այլև թուրքական ծագմամբ նրա պատգամավորներին անվանել է «PKK-ի համակիրներ»:









































