Ջեքսոնի անվան գենոմային բժշկության լաբորատորիայի հետազոտողները պարզել են, որ սննդում ընկույզի օգտագործումն աղիների միկրոֆլորայի վրա այնպես է ազդում, որ նվազեցնում է կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Հետազոտությունը հրապարակվել է Cancer Prevention Research ամսագրում:
Գիտնականները պարզել են, որ եթե մկները իրենց ստացած կալորիաների ընդհանուր քանակի 7-10,5%-ը կերել են ընկույզի տեսքով, նրանց հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը զգալիորեն նվազել է:
Ընկույզը պարունակում է պոլիչհագեցած ճարպային թթուներ, նաև մեծ քանակությամբ օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ, մեծ քանակությամբ վիտամին Е, որը հայտնի է իր հակաքաղցկեղային հատկություններով: Հետազոտությունը ցույց է տալիս, որ ընկույզը նաև նպաստում է սնվելու և կենսակերպի հետ կապված հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների, դիաբետի և նյարդաբանական խանգարումների ռիսկի նվազմանը:
Գիտնականներն ընկույզի ազդեցությունը ստուգել են մկների երկու խմբերի վրա: Առաջին խումբը սնվել է ստանդարտ լաբորատոր կերպով, մյուսը՝ ամերիկացիների համար սովորական սննդով: Յուրաքանչյուր խումբ ունեցել է ենթախումբ, որի դիետան համալրված է եղել ընկույզով: Արդյունքները ցույց են տվել, որ մկները, որոնք կերել են մարդկանց համար սովորական սնունդ ընկույզի հետ, ունեցել են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ավելի քիչ հավանականություն:
Գիտնականները պարզել են, որ ընկույզի օգտագործումը նպաստում է բակտերիաների առաջացմանը և աճին, ինչը նպաստում է քաղցկեղից պաշտպանությանը:











































