Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Քարսլըօղլուին կանչել են այդ երկրի ԱԳՆ՝ Անկարայի հանդեպ Բեռլինի քաղաքականության վերաբերյալ Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի հայտարարության կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:
Ի պատասխան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քննադատության՝ ուղղված Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցուցարարներին դաժան կերպով ցրելու դեմ, նախօրեին Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Մերկելը Թուրքիայում տիրող իրավիճակն օգտագործում է անձնական նպատակների համար:
Բաղըշի խոսքով՝ Գերմանիայի կանցլերը միտումնավոր է օգտագործում կոշտ արտահայտություններ Թուրքիայի կառավարության հասցեին, որպեսզի «բարձրացնի իր իմիջը» երկրում կայանալիք ընտրություններից առաջ:
Թերթի տվյալներով՝ Թուրքիայի դեսպանին ընդունել է Գերմանիայի փոխարտգործնախարարը:











































