Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին քննադատել է Գերմանիայի Բունդեսթագին, որը ճանաչել է 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը՝ հայտնում է news.mail.ru-ն: Նրա խոսքով՝ «հայկական հարցը» ավելի հաճախ է օգտագործվում որպես շանտաժի միջոց:
«Ցեղասպանության մեղադրանքի հնչեցումը այն պետության կողմից, որը ըստ տրամաբանության՝ պետք է վերջինը հանդես գար նմանատիպ պնդումներով, հակասում է մտքերի տարրական ընթացքին: Թող նրանք նախ գնահատական տան Հոլոքոստին և քննարկեն զանգվածային սպանդը Նամիբիայում (19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին, երբ այն գերմանական գաղութ էր):
Ցանկացած երկրի ետևում, որոնք մեզ սպառնում են Հայոց ցեղասպանության բանաձևերով, մեղքն է և միլիոնավոր անմեղ մարդկանց արյունը… Հայերից միայն օգտվում են: Ամբողջ աշխարհում հայկական հարցը սկսվել է ընկալվել որպես Թուրքիայի դեմ շանտաժի հարմար միջոց կամ նույնիսկ որպես մահակ»,- հայտարարել է Էրդողանը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Ստամբուլում:
«Ցանկանում եմ դիմել ողջ Եվրոպային, այդ թվում՝ Գերմանիային. կա՛մ մենք կընդունենք օրակարգային հարցերով արդարացի որոշումներ, կա՛մ Թուրքիան կդադարի լինել Եվրոպայի խնդիրների ճանապարհին պատնեշ: Եվ այդ ժամանակ Եվրոպան միայնակ կմնա իր դժվարությունների հետ»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը:










































