«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սեյեդ Ղոլամռեզա Մուսավին:
«Մելլաթ» բանկի հիմնական նպատակը Հայաստանի քաղաքացիներին ծառայելն է, երկրի տնտեսության զարգացմանը օգնելը, ասում է իրանական բանկի տնօրենը: «Մելլաթ»-ը փորձում է լավագույն պայմաններով վարկեր տրամադրել քաղաքացիներին՝ օգնելով նրանց բիզնեսի զարգացմանը, և ի տարբերություն մի շարք այլ հայաստանյան բանկերի՝ բարձր տոկոսով վարկեր չի տրամադրում մարդկանց:
«Մենք չենք ուզում վարկեր տրամադրել մարդկանց, որ հետո գանք և խլենք նրանց բնակարանները, անշարժ գույքը: Մենք փորձում ենք վստահություն ներշնչել ժողովրդին մեր նկատմամբ»:
Սեյեդ Ղոլամռեզա Մուսավիի խոսքերով՝ Հայաստանում ներդրումներ անելու համար ամենահարմար ոլորտները տրանսպորտային, զբոսաշրջային և ռեստորանային ոլորտներն են, բայց, իհարկե, հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում: Ամեն դեպքում իրանական բանկի տնօրենը տեսնում է ցանկություն Հայաստանի կողմից՝ առևտրա-տնտեսական կապերը Իրանի հետ: Ըստ նրա՝ հատկապես Իրանի նորանշանակ դեսպանը մեծ աշխուժություն է առաջացրել այս հարցում:
«Հայերը և իրանցիները եղբայրական ժողովուրդներ են, իսկ եղբայրներն առաջին հերթին մտածում են իրար օգնելու, ոչ թե շահույթներ ստանալու մասին: Մենք պիտի հետևենք մեր առաքելությանը՝ որպես հարևան երկիր»,- շեշտում է պարոն Մուսավին:
– Պարոն Մուսավի, մեր վերջին զրույցից անցել է ավելի քան 5 ամիս: Այն ժամանակ խոսում էինք այն մասին, թե Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների չեղարկումն ի՞նչ կտա Իրանի տնտեսության զարգացմանը: Ի՞նչ փոփոխություններ են եղել այս ընթացքում, ի՞նչ առաջընթաց կա:
– Պատժամիջոցների վերացումն առաջին հերթին օգնեց մեր բանկին, որպեսզի կարողանանք Իրանի սառեցված գումարները բերել Հայաստան՝ մեր կապիտալը համալրելու համար, և արդեն 10 միլիոն եվրո տեղափոխել ենք Հայաստան, որն ուղղելու ենք կապիտալի համալրմանը: Այժմ մեր բանկի կապիտալը կազմում է 23 միլիարդ դրամ:
Իսկ ինչ վերաբերում պատժամիջոցների վերացման հետևանքներին Իրանի համար, պիտի ասեմ, որ եվրոպական շատ բանկեր մեկնել են Իրան և այնտեղ բանակցություններ են վարել, որպեսզի իրենց ներկայացուցչությունները բացեն Իրանում, ինչպես նաև ավելի սերտ համագործակցություն է սկսվել Իրանի ու Եվրոպայի միջև:
Մեր կապիտալի համալրմամբ մեր բանկի նպատակն է, որպեսզի բարելավվի Հայաստանի տնտեսական վիճակը և տրամադրելով լավ պայմաններով վարկեր՝ օգնենք երկրի տնտեսության զարգացմանը: Ճիշտ է, մեր բանկը նպատակ ունի նաև շահույթ ստանալ և ստանում է շահույթ, բայց մեր հիմնական նպատակը Հայաստանի քաղաքացիներին ծառայելն է և դրա համար մենք փորձում ենք լավագույն պայմաններով վարկեր տրամադրել: Մինչ օրս բանկը չի տրամադրել ոչ խելամիտ պայմաններով վարկեր, ու որքան էլ բանկը կարող էր դրանից մեծ շահույթ ստանալ, մենք չենք գնացել այդ քայլին՝ հաշվի առնելով նաև քաղաքացիների շահերը: Օրինակ, եթե տրամադրում ենք ինչ-որ բիզնես վարկ, մենք հաշվի ենք առնում նաև այն, թե ինչպես է այդ բիզնեսը զարգանալու, քանի՞ հոգի է աշխատելու այդ բիզնեսում, քանի՞սն են կարողանալու ընտանիք պահել մեր վարկի միջոցով:
Այն մարդիկ, որոնք ցանկանում են վարկ վերցնել առողջական խնդիրներ լուծելու համար, ստանում են վարկ ավելի ցածր տոկոսով: Բանկի շահերի հետ մեկտեղ պիտի չմոռանանք նաև ժողովրդի շահի մասին:
– Հայաստանի տնտեսության ո՞ր ոլորտներն են ավելի շատ հետաքրքրում «Մելլաթ» բանկին կամ ո՞ր ոլորտներն են, Ձեր կարծիքով, ավելի հեռանկարային ներդրումների համար:
– Աշխատում ենք վարկեր տրամադրել հիմնականում տնտեսության այն ճյուղերին, որոնք իրական արտադրող են կամ ներմուծող: Մենք վարկեր չենք տալիս միջնորդներին կամ միջնորդ կազմակերպություններին: Մենք չենք ուզում վարկեր տրամադրել մարդկանց, որ հետո գանք և խլենք նրանց բնակարանները, անշարժ գույքը: Մենք փորձում ենք վստահություն ներշնչել ժողովրդին մեր նկատմամբ:
Կարծում եմ՝ այս պահին Հայաստանում ամենալավ ու հաջողակ ոլորտները տրանսպորտային, տուրիստական և ռեստորանային ոլորտներն են: Նշեցի տրանսպորտային ոլորտը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, և ապրանքների տեղաշարժն այդ երկրների միջև ավելի հեշտ է, այդ տեղաշարժի համար պետք են նաև տրանսպորտային ընկերություններ: Կարծում եմ՝ շատ հարմար պահ է, որ տրանսպորտային ընկերություններն այստեղ ներդրումներ անեն, որպեսզի ապրանքը տարբեր երկրներից բերեն այստեղ, փաթեթավորեն և ուղարկեն այլ երկրներ:
Հայաստանը շատ հարմար երկիր է նաև տուրիստական ոլորտում ներդրումներ անելու համար՝ հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, լավ եղանակը, մրգերը, տեսարժան վայրերը, և եթե ընկերությունները կարողանան ճիշտ ներդրումներ անել զբոսաշրջության ոլորտում, կարող են հաջողության հասնել: Տարածաշրջանի որևէ այլ երկրում չեք տեսնի այն անվտանգությունը, որ կա Հայաստանում: Զբոսաշրջիկն ապահով է զգում իրեն այստեղ: Տուրիստական, հյուրանոցային բիզնեսները շատ հեռանկարային են Հայաստանում:
Առաջին քայլը, որ արել է մեր բանկը տուրիզմի զարգացման համար, այն էր, որ Հայաստանի կենտրոնական բանկից ստացանք իրավունք իրանական քարտերը Հայաստանում սպասարկելու, և դա օգնում է, որ զբոսաշրջիկները միանգամից դոլար կամ դրամ ստանան Իրանի իրենց հաշիվներից, քանի որ Հայաստանում իրանական արժույթը չի փոխանակվում:
– «Մելլաթ» բանկն ամբողջովին ներգրավվա՞ծ է Հայաստանի բանկային ոլորտում, թե՞ առաջ գնալու տեղ կա:
– Մենք փորձում ենք ամբողջովին ներգրավվել Հայաստանի բանկային համակարգում, բայց կան գործարքներ, որոնց մեջ չենք մտնում, որքան էլ դա կարող է շահութաբեր լինել բանկի համար: Մենք սկզբունքորեն բարձր տոկոսով, ասենք՝ 24 կամ 30 տոկոսով վարկեր չենք տրամադրում: Մենք գործարքներն անում ենք հիմնականում Իրանի օրենքների սահմաններում և չենք անում այն, ինչ կարող է հակասել Իրանի օրենքներին:
Մեզ համար անընդունելի է բարձր տոկոսներով քաղաքացիներին ճնշելը: Ցանկացած միջոցով շահույթ ստանալը հակասում է մեր սկզբունքներին: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ մենք մտադիր ենք վարկեր տրամադրել ամուսնության համար: Այդ վարկերը տրամադրվելու են ցածր տոկոսով, որպեսզի երիտասարդները կարողանան լուծել իրենց խնդիրները: Առայժմ աշխատում ենք այդ վարկի վրա և շուտով կհրապարակենք մանրամասները: Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք ինչ-որ կերպ օգնել երիտասարդներին:
Ընդհանրապես մենք միշտ ասել ենք, որ հայերը և իրանցիները եղբայրական ժողովուրդներ են, իսկ եղբայրներն առաջին հերթին մտածում են իրար օգնելու, ոչ թե շահույթներ ստանալու մասին: Մենք պետք է հետևենք մեր առաքելությանը՝ որպես հարևան երկիր: Իհարկե, մեր բանկը բարեգործական կազմակերպություն չէ, և մենք անում ենք այս ամենը՝ հաշվի առնելով նաև բանկի շահերը:
– Իսկ բանկն ինչ-որ խոչընդոտների հանդիպո՞ւմ է Հայաստանում իր գործունեության մեջ:
– Լուրջ խնդիրներ որպես այդպիսին չենք ունենում, բայց ինչպես բոլոր բանկերը, այնպես էլ «Մելլաթ»-ը ունի խնդիրներ՝ կապված դատական գործընթացների ձգձգվելու հետ: Բայց չի եղել նման բան, որ փորձեն հատուկ խնդիրներ առաջացնել մեզ համար՝ որպես իրանական բանկ, և միշտ սերտորեն համագործակցել ենք կենտրոնական բանկի հետ:
– Նկատո՞ւմ եք պատրաստակամություն Հայաստանի կողմից զարգացնելու տնտեսական հարաբերությունները Իրանի հետ:
– Իհարկե, ես տեսնում եմ այն միտումները, որ Հայաստանն ուզում է ավելի ակտիվ առևտրային և տնտեսական կապեր ունենալ Իրանի հետ: Իրանի նոր դեսպանն ավելի մեծ աշխուժություն է մտցրել այդ հարցում: Որքան տեղյակ եմ, դեսպանը երեքից ավելի հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահի հետ, և նախագահը խոստացել է ամեն կերպ աջակցել, որպեսզի բարելավվեն երկու երկրների թե՛ տնտեսական, թե՛ առևտրային կապերը բոլոր ոլորտներում: Հուսով եմ՝ մոտ ապագայում լավ լուրեր կստանանք:
– Իրանի դեսպան Քազեմ Սաջադին, մեկնաբանելով հայ-իրանական երկաթուղու վերաբերյալ հարցը, արդեն երկրորդ անգամ ասում է, որ Իրանից մասնագետներ պետք է գան Հայաստան քննարկելու, ուսումնասիրելու հարցը, բայց մենք հասկանում ենք, որ երկաթուղու կառուցումը ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում, որի հնարավորությունն այսօր չկա: Ի՞նչ կասեք այս խնդրի մասին:
– Որքան տեղյակ եմ, այս նախագիծն առայժմ ուսումնասիրության փուլում է, ճիշտ է՝ շատ ծախսեր է պահանջելու, բայց առայժմ ուսումնասիրում են, փորձում են ֆինանսավորողներ գտնել: Բիզնես ծրագիրը դեռ ամբողջությամբ կազմված չէ, այդ պատճառով չեմ կարող ասել՝ եկամուտ կունենա՞, թե՞ ոչ: Բայց վստահեցնում եմ, որ ուսումնասիրվում է և գործն առաջ է գնում: Այնպես չէ, որ գործը կանգնել է:
– Ձեր կարծիքով՝ Հայաստանն ու Իրանը օգտագործո՞ւմ են տնտեսական հարաբերությունների զարգացման ողջ ներո՞ւժը: Եթե ոչ, ապա որոնք են խոչընդոտները:
– Իհարկե ոչ, ողջ ներուժը չի օգտագործվում: Խոչընդոտները հիմնականում օրենքներն են. կան օրենքներ, որոնք պետք է փոփոխվեն, կան բաներ, որ պետք է վերանայվեն: Սա է խոչընդոտում ողջ ներուժն օգտագործելու համար: Օրինակ, կան մաքսային, հարկային օրենքներ, որոնք սահմանափակում են արտահանողի կամ ներմուծողի հնարավորությունները: Եթե դրանք ավելի պարզեցվեն, ավելի հեշտ կլինի արտահանումը Իրանից Հայաստան կամ ներմուծումը Հայաստանից Իրան:










































