ՆԱՏՕ-ն Աֆղանստանի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու հույս ունի, որոնց անցկացումը Կատարի մայրաքաղաք Դոհայում նախապատրաստում են ԱՄՆ-ը և «Թալիբան» շարժման չափավոր թևի ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Այդ բանակցությունները կարող են նպաստել Աֆղանստանում խաղաղության և կայունության վերականգնմանը: Անկասկած, նախկին թշնամիների հաշտեցումը երբեք հեշտ գործընթաց չէ: Որպեսզի այն արդյունավետ լինի, անհրաժեշտ է կապերի խզում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ, ինչպես նաև հրաժարում բռնության կիրառումից և Աֆղանստանի սահմանադրության ճանաչում»,- ասել է Ռասմուսենը:
ԱՄՆ-ը սկսել է բանակցություններ նախապատրաստել «Թալիբանի» հետ` Աֆղանստանում լարվածությունը մեղմելու համար երկրից Անվտանգության աջակցության միջազգային ուժերի դուրս բերման ժամանակահատվածում, որը պետք է ավարտվի մինչև 2014 թ. վերջը:






































