Ինչպես արդեն հայտնի է, այսօր Գերմանիայի Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Այս առնչությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեծապես կարևորեց Գերմանիայի նման առաջադեմ պետության Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը. «Գերմանիան նախևառաջ ապացուցեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և ցույց տվեց, որ իրական ժողովրդավարական արժեքների կրողները չեն ենթարկվում թուրքական շանտաժներին»:
Շարմազանովը կարևորեց Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը նաև այն առումով, որ այդ երկիրը Առաջին աշխարհամարտի տարիներին եղել է Թուրքիայի դաշնակիցը: Եվ բացի այդ՝ Գերմանիան լուրջ դերակատարում ունի եվրոպական և ընդհանրապես՝ համաշխարհային քաղաքականության մեջ. «Ցեղասպանության դատապարտումը դուռ կբացի և ուղի կհարթի նոր ճանաչումների համար: Այս ճանաչմամբ Թուրքիայի «փաստերը» ավելի հիմնազուրկ են դառնում»:
Շարմազանովի խոսքով՝ «այս դատապարտմամբ Թուրքիայի, այսպես ասած, ճկուն քաղաքականության տեղը բավականին քչանում է: Թուրքիան փաստորեն այս հարցում գլոբալ առումով մնաց միայնակ: Ժխտողականության դեմ պայքարում Թուրքիան մնացել է միայնակ»:











































