Գերմանիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Այդպիսով, հայկական հարցը անցավ մի կարևոր հանգրվան, քանի որ Եվրոպայի առաջատար պետության ճանաչումը անկասկած ունի ոչ միայն հոգեբանական, այլ նաև քաղաքական լրջագույն նշանակություն:
Սրան զուգահեռ, անկասկած է, որ Գերմանիան ցուցաբերեց նաև արժանապատիվ պետության որակներ: Բունդեսթագում հայտնված բանաձևը անկասկած պայմանավորված էր թուրք-գերմանական հարաբերությամբ, Եվրոպա-Թուրքիա հարաբերությամբ: Գերմանիան, որպես Եվրոպայի առաջատար՝ փորձում է պատասխանատվություն ստանձնել միգրացիոն ճգնաժամը և ընդհանրապես եվրոպական քաղաքակրթության և քաղաքականության համար կարևոր սահման հանդիսացող թուրքական խնդիրը կարգավորելու համար: Ըստ էության, ներկայումս, առկա է թուրք-եվրոպական հարաբերության ճգնաժամ: Առկա է գլոբալ ճգնաժամ Թուրքիայի և Արևմուտքի հարաբերության հարթության վրա, սակայն Գերմանիան տվյալ պարագայում փորձում է պատասխանատվություն իրացնել եվրոպական հարթության մասով, քանի որ գլոբալ մասով Բեռլինն, իհարկե, չի կարող մրցակցել Վաշինգտոնի դերակատարության հետ:
Հայոց ցեղասպանության հարցը այսպիսով հայտնվել է այդ գործընթացում, որը բոլորովին նոր չէ և ընթանում է արդեն առնվազն երկու-երեք տարի: Այսինքն՝ հայկական խնդիրը, ինչպես միշտ, գործիք է ավելի լայնաֆորմատ հարաբերություններում: Դա նաև բնական է, օրինաչափ: Խնդիրը տվյալ պարագայում այն է, թե բացի համաշխարհային ուժային կենտրոններից, այդ գործիքն արդյո՞ք կարողանում է ի նպաստ իր շահի ու անվտանգության կիրառել նաև Հայաստանը: Կամ՝ Հայաստանը կարողանո՞ւմ է արդյոք այն դեպքերում, երբ ուժային կենտրոններն են կիրառում այդ գործիքը, անդրադառնում դրան, օգտվել այդ հանգամանքից և ինքն էլ իր շահն առաջ մղել այդպիսի իրավիճակներում: Այս հարցադրումը առկա է մշտապես, երբ աշխարհի որևէ ազդեցիկ պետության խորհրդարանում հայտնվում է հայկական բանաձև, անկախ նրանից՝ ընդունվո՞ւմ է, թե՞ ոչ:
Տվյալ պարագայում Գերմանիան կատարեց ըստ էության լիարժեք քայլ, բանաձևն ընդունված է՝ չնայած թուրքական սպառնալիքներին: Սակայն այս պարագայում առավել ևս հարց է առաջանում, թե ինչ է սա նշանակում Հայաստանի համար՝ բարոյահոգեբանական կոնտեքստից բացի: Սա ենթադրո՞ւմ է Հայաստանի համար քաղաքական նշանակալի նոր զարգացումներ, քաղաքական արդյունք, թե՞ մենք դիտորդի կամ երկրպագուի կարգավիճակում ենք ընդհանրապես: Եվ այս համատեքստւմ իհարկե առաջիկայի համար շատ կարևոր է դառնում հարցը, թե ինչ ազդեցություն է ունենալու Գերմանիայի խորհրդարանի որոշումը հունիսի 7-ին Ադրբեջանի նախագահի՝ Գերմանիա սպասվելիք այցի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման վրա: Բեռլինը փորձելու է Բունդեսթագում տեղի ունեցածը առաջ մղել նաև Ադրբեջանի՞ ուղղությամբ, օրինակ՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահող ստիպելով Ադրբեջանին գալ հրադադարի պահպանման մեխանիզմների ամրագրման և ներդրման, թե՞ Բեռլինը կփորձի Ադրբեջանի հանդեպ անել այնպիսի ռևերանսներ, որոնց միջոցով կարող է մեղմել բացասական վերաբերմունքը Անկարայում: Առավել ևս, որ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե բանաձևի ընդունումը չետք է բացասաբար ազդի գերմանա-թուրքական հարաբերության վրա:
Եվ այս կոնտեքստում իհարկե Հայաստանի տեսանկյունից հտաքրքրական է, թե արդյո՞ք Բեռլինը կփորձի Ադրբեջանի միջոցով ինչ-որ կերպ սիրաշահել կամ «փոխհատուցել» Անկարային: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել բավական բարդ ու բազմաշերտ միջազգային խաղի մի դրվագ, որտեղ Հայաստանի շահերը անկասկած շոշափվում են և պարունակում թե ռիսկեր, թե հնարավորություններ: Ամբողջ խնդիրն այն է, թե Երևանն ինքը որքանով է պատրաստ որպես սուբյեկտ օգտվել վիճակից՝ չսպասելով լոկ «մանանայի» կամ չլինելով ընդամենը հնարավոր ռիսկերին արձագանքողի դերում: Ի վերջո արժե հիշել մոտ կես տարի առաջ Դավոսում Ալիև-Մերկել հանդիպումը, որտեղ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հարցում Հայաստանը նույնական է Ռուսաստանի հետ: Եվ այժմ, երբ Ադրբեջանի նախագահը պատրաստվում է մեկնել Բեռլին, իսկ Բեռլինում մինչ այդ պարզ կլինի Հայոց ցեղասպանության բանաձևի ճակատագիրը, առաջանում են, իհարկե, մի շարք հարցեր: Եվ այստեղ իհարկե հայկական կողմի համար անհրաժեշտ են շատ հստակ քաղաքական կողմնորոշիչներ և ուղենիշներ, ընդ որում՝ ոչ միայն տվյալ իրավիճակի, այլև ընդհանրապես հայկական հարցում պետական քաղաքականության արդյունավետության տեսանկյունից: Հայաստանն ավելի շատ թողնում է դիտորդի կամ երկրպագուի տպավորություն, ինչը որևէ կերպ համարժեք չէ միջազգային քաղաքականության սուբյեկտի կարգավիճակին:
Ընդ որում, խնդիրը լոկ ուժային կենտրոնների նախաձեռնած պրոցեսներին մասնակցությունը չէ: Խնդիրը քաղաքական բովանդակությամբ հանդես գալն է՝ կամ այդ նախաձեռնությունների համատեքստում, կամ դրանից դուրս՝ ինքնուրույն նախաձեռնություններով:








































