ԵՄ-ն կօգնի Հայաստանին քաղաքացիական ծառայության ոլորտը կատարելագործելու գործում: Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը մանրամասնում է՝ կկիրառվի միջազգային փորձը քաղծառայության համալրման ու զարգացման համար՝ առաջնորդվելով մարդու արժանիքների որակական հանտկանիշներով:
Բադալյանն ընդգծում է՝ քաղծառայության ոլորտում կատարվող փոփոխություններն իրականացվում են իշխանության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում և հավելում՝ համակարգում այլևս ծանոթ-բարեկամ մեխանիզմը չի լինելու:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրեց, որ ԵՄ-ն մշակում է բազմամիլիոնանոց ծրագրերի փաթեթ՝ ուղղված հայաստանյան մի շարք ոլորտների բարեփոխմանն ու զարգացմանը, այն կներկայացվի մոտ ապագայում:
ԵՄ համար կայուն և ուժեղ քաղաքացիական ծառայության համակարգը միշտ առաջնային տեղում է եղել: Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանը փորձում է դառնալ հզոր և արդյունավետ պետությունը: Քաղծառայությունը հենց այդ հզոր պետության ողնաշարն է: ԵՄ-ն այսօր տեսնում է երկու հիմնական մարտահրավեր: Առաջինը հստակ տարանջատումն է քաղաքացիական ծառայողի ու քաղաքական գործչի. սա թերևս կարևորագույն նախապայմանն է հաջողություն գրանցելու համար: Երկրորդը պայքարն է կոռուպցիայի դեմ քաղծառայության համակարգում: Այն քաղծառայությունը, որ մաքուր ձեռքեր ունի, կարող է որոշիչ գործոն լինել հաջողության հասնելու համար: ԵՄ-ն պատրաստ է սատարել Հայաստանին այս գործում: Մենք ողջունում ենք վարչապետի ու նախագահի հայտարարությունները կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ: Բայց ես խորհուրդ կտամ Հայաստանի կառավարությանը, որպեսզի մեխանիզմներ մշակվեն ոչ միայն այս պահի խնդիրները բացահայտելու և վերացնելու, այլև երկարաժամկետ հատվածում դրանք ի սպառ վերացնելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ ԵՄ կողմից մշակվող ծրագրերի փաթեթը կստորագրվի այս տարեվերջին:
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի խոսքով՝ մշակվող նոր օրենսդրական փաթեթի և շարունակական քննարկումների շնորհիվ 2020 թվականից Հայաստանը կունենա քաղծառայության բոլորովին նոր և ամենակարևորը՝ ապաքաղաքականացված համակարգ:









































