Տեղեկատվական տեխնոլոգիաների և քաղաքացիական ազատությունների Ֆրանսիայի ազգային հանձնաժողովը երեք ամիս ժամանակ է տվել Google ամերիկյան ընկերությանը օգտատերերի անձնական տվյալներն ավելի լավ պաշտպանելու համար, հակառակ դեպքում ընկերությունը ստիպված կլինի տուգանք մուծել՝ հաղորդում է Reuters-ը:
Եվրոպական իշխանություններն անհանգստացած են Google-ի գաղտնիության քաղաքականությունից, որը 2012թ. մարտի 1-ից միավորել է տարբեր ինտերնետ-ծառայությունների օգտատերերի անձնական տեղեկատվությունը և հեշտացրել դրանց օգտագործումը:
2013թ. մարտին Google-ի ներկայացուցիչները հրավիրվել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, սակայն դրան որևէ փոփոխություն չհաջորդեց:
Արդյունքում վեց երկրների կարգավորող մարմինները նոր հետաքննություն են սկսել ընկերության հանդեպ՝ պարզելու համար, թե Google-ը ինչպես է հետևում օգտատերերի տվյալների գաղտնիությանը:








































