Շվեյցարական Climeworks ընկերությունը կստեղծի աշխարհում առաջին կոմերցիոն գործարանը, որը Երկրի մթնոլորտից կներծծի ածխածնի երկօքսիդը: Միացությունը նախատեսվում է վաճառել գյուղատնտեսական արտադրողներին: Այս մասին հայտնում է New Scientist-ը:
Ընկերության առաջին գործարանը ծրագրվում է բացել 2016թ. սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Շինարարությունը կկատարվի Ցյուրիխից ոչ հեռու: Որպես ածխածնի երկօքսիդի ներծծման տեխնոլոգիա կօգտագործվի DAC (Direct air capture) տեխնոլոգիան:
Օդի մաքրման մեթոդը ենթադրում է սպունգանման թելքավոր զտիչ նյութի օգտագործում, որը ներծծված է հատուկ քիմիական նյութերով (ամիններով, որոնք կապվում են ածխածնի երկօքսիդի հետ): Այդ ֆիլտրով անցնող օդը մաքրվում է ածխածնի երկօքսիդից:
Սպասվում է, որ օրական գործարանը կհավաքի 2-3 տոննա գազ (մարդիկ տարեկան մթնոլորտ են արտանետում 40 մլրդ տոննա ջերմոցային գազեր): Climeworks ընկերության նախագծին աջակցում է Էներգետիկայի շվեյցարական դաշնային վարչությունը:








































