Walt Disney ստուդիան հայտարարել է իր «Մերի Փոփինս» դասական ժապավենի շարունակության թողարկման ամսաթիվը. սիքվելը կինոթատրոններում կհայտնվի 2018 թվականի դեկտեմբերի 25-ին՝ հայտնում է Variety-ն:
Ընկերությունը նաև հրապարակել է գլխավոր դերակատարների անունները: Նրանք են Էմիլի Բլանթը և Լին-Մանուել Միրանդան: Կինոնկարն ստացել է «Մերի Փոփինսը վերադառնում է» անվանումը:
Երաժշտական հեքիաթի նկարահանման աշխատանքին ձեռնամուխ կլինի նույն այն թիմը, որն աշխատել է դիսնեյյան «Որքան ավելի ես խորանում անտառում…» մյուզիքլի վրա, որտեղ դերերից մեկը նույնպես խաղացել է Բլանթը: Ժապավենի ռեժիսոր են նշանակել Ռոբ Մարշալին, որպես պրոդյուսերներ հանդես կգան Ջոն Դելյուքը և Մարկ Փլաթը:
Սցենարը կգրի Դևիդ Մագին՝ բրիտանացի գրող Փամելա Թրևերսի գրքերի հիման վրա, որոնք թողարկվել են «Մերի Փոփինսից» հետո և պատմում են հասունացած հերոսների մասին:
Կախարդուհի դայակի մասին 1964 թվականի օրիգինալ ժապավենը հսկայական ժողովրդականություն է ձեռք բերել ԱՄՆ-ում. այն վարձույթում վաստակել է ավելի քան 100 մլն դոլար։
Էկրանավորումն ստացել է «Օսկար»-ի հինգ մրցանակ: Դրանցից մեկը բաժին է ընկել գլխավոր դերակատար Ջուլի Էնդրյուսին:










































