Ատրակցիոնների և վերելակների փորձագիտական ստուգում անցկացվում է յուրաքանչյուր տարի: Համապատասխան դրական փորձաքննության արդյունքում է միայն թույլատրվում շահագործել վերելակը կամ ատրակցիոնը: Այժմ ողջ հանրապետությունում գրանցված է 126 ատրակցիոն ու կարուսել և 4348 վերելակ:
ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Երևանում գրանցված 83 ատրակցիոններից 63-ն արդեն անցել են փորձաքննություն, մնացածները դեռևս փորձաքննության փուլում են: Մարզերում ատրակցիոններ գրանցվել են Կոտայքի մարզում` 6, Շիրակում` 19, Լոռվա մարզում` 9, Սյունիքում` 9. սրանցից 6-ը ստացել են բացասական եզրակացություն:
Ինչ վերաբերում է Երևանի ատրակցիոններին, ապա բանախոսն ասաց, որ եթե փորձաքննության արդյունքում տեխնածին վտանգի հարց չի ծագում, ուրեմն ատրակցիոնն անվտանգ է շահագործման համար:
Նա նաև նշեց, որ բակային ատրակցիոնները ևս վերահսկողության տակ են, յուրաքանչյուր թաղապետարան ինքն է կատարում համապատասխան աշխատանքներ, իրականացնում հակակոռոզիոն ներկում, վերանորոգում:
Ինչպես փաստեց փորձագետը, մեզանում ամենահին շահագործվող ատրակցիոնը 37 տարվա պատմություն ունի, ատրակցիոններ կան, որոնք կարող են շահագործվել 40-45 տարի. «Ատրակցիոնների մեծ մասը խորհրդային արտադրության են, սակայն ունենք նաև նոր ստացած ատրակցիոններ` եվրոպական և ռուսական արտադրության»:
Ինչ վերաբերում է վերելակներին, ապա Երևանում գործող 4141 վերելակներից փորձաքննություն են անցել 1034-ը, 35-ը ստացել են բացասական եզրակացություն, մյուսների եզրակացությունները պատրաստ կլինեն մինչև տարվա վերջ. «Եթե ուշադրություն դարձնենք վերելակների թույլ լուսավորությանը և ներքին հարդարանքին, ապա ոչ մի վերելակ դրական եզրակացություն չի ստանա, մենք ստուգում ենք վերելակի տեխնիկական մասը՝ թե ինչքանով է պիտանի շահագործման»:
Նշենք, որ վերելակների շահագործման համար քաղաքապետարանը հատկացնում է 89 մլն դրամ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































