Եգիպտոսի մի շարք նահանգներում բախումներ են բռնկվել իսլամիստների կողմնակիցների և հակառակորդների միջև: Առավել կատաղի են եղել ընդհարումները Դիսուկ քաղաքում, որը գտնվում է Կահիրեից հյուսիս-արևելք:
Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ ընդդիմադիր ակտիվիստները շրջապատել են շենքը, որտեղ պետք է անցկացվեր «Մուսուլման-եղբայրների» համաժողովը՝ հաջակցություն նախագահ Մուհամմադ Մուրսիի:
Նրանք իսլամիստների հանդիպման վայր հանդիսացող շենքի ուղղությամբ նետել են քարեր ու դյուրավառ խառնուրդով լի շշեր, որից հետո անկարգություններն արագորեն ընդգրկվել են բոլոր հարակից փողոցներում: Երկու կողմերից էլ ակտիվորեն կիրառվել են Մոլոտովյան կոկտեյլներ, մահակներ, դանակներ: Ժամանակ առ ժամանակ կրակոցներ են հնչել: Տուժել են մի քանի տասնյակ մարդիկ: Չհաստատված տեղեկություններով՝ հրազենային վնասվածքից զոհվել է մեկ եգիպտացի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ն ու նշում Իտսա քաղաքում գրանցված 30 վիրավորի մասին:
Անհանգիստ է մնում վիճակը երկրի այն մարզերում, որտեղ Մուրսիի հրամանով նահանգապետեր են նշանակվել «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչները:









































