Իրաքում և Աֆղանստանում զոհված բրիտանացի 700 զինծառայողների հարազատները այժմ կարող են դատի տալ երկրի պաշտպանության նախարարությանը: Նման իրավունք է նրանց տվել Թագավորության գերագույն դատարանը, որը վճռել է գործարկել Եվրոպական կոնվենցիան՝ մարտի դաշտում զինվորների իրավունքների պաշտպանության մասին:
Գերագույն դատարանը վճռել է, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն նաև մարտի դաշտում: Սա նշանակում է, որ մարտի դաշտում զոհվածների հարազատները կարող են դատի տալ պաշտպանության նախարարությանը:
Գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Համոնդը քննադատել է այս վճիռը՝ ասելով, որ «այն կարող է բարդացնել մարտի դաշտում օպերատիվ հանձնարարությունների իրականացումը: Ինձ թվում է՝ ճիշտ չէ, որ այժմ մարդու իրավունքների մասին կոնվենցիան ավելի բարձր է դասվում երկրի ազգային անվտանգության շահերից»:









































