Թայվանական HTC ընկերության երկու նախկին աշխատակիցներ Մայքլ Կումբսը և Ջեյմս Ատկինսը հիմնել են սմարթֆոնների արտադրության նոր ընկերություն: Kazam բրենդի ներքո սարքերի առաջին խմբաքանակը կարող է թողարկվել արդեն այս տարի՝ հայտնում է TechCrunch տեխնոբլոգը:
Կումբսն ու Ատկինսը նախատեսում են մրցակցել Apple, Samsung, HTC, Sony ընկերությունների և եվրոպական շուկայի խոշոր արտադրողների արտադրանքների հետ:
Սմարթֆոնների արտաքին տեսքի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում: Նշվում է, որ դրանք կունենան ցնցող դիզայն, հզոր միջուկ: Հայտնի չէ նաև այն, թե ինչ օպերացիոն համակարգով կաշխատեն դրանք:
Նշենք, որ Kazam-ի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում: Ներկայում նորաստեղծ ընկերությունը զբաղվում է Եվրոպայում վաճառքի ցանցի և գրասենյակների ստեղծմամբ:









































