Բրիտանական The Independent թերթում հրապարակվել է մերձավորարևելյան հարցերով մեկնաբան Ռոբերտ Ֆիսկի «Նախագահ Էրդողանը գիտի, որ Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմը կարող է օգնել լուծել նրա Քրդական հարցը» խորագրով հոդվածը:
Ֆիսկի կարծիքով՝ Էրդողանը վստահ է, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը կնպաստի Թուրքիայի իշխանությունների կողմից քրդական հարցի լուծմանը. «Եվրոպայում զգալիորեն կմեծանա քրդական համայնքը, եթե Դիարբեքիրում ապրող մարդիկ, որոնք մեծապես տառապել ու հոգնել են պատերազմից, կարողանան հանգիստ մեկնել Գերմանիա, Դանիա ու Շվեդիա:
Թուրքիայի իշխանությունները հակաահաբեկչական գործողության պատրվակով մինչ օրս շարունակում են ոչնչացնել տեղի քրդերին: Էրդողանը, իր երկրի համար ստանալով առանց վիզայի ռեժիմ ու 3 միլիարդ եվրո, վերջնականապես կհաստատի միանձնյա իշխանություն երկրում և քրդերին կհարկադրի հեռանալ Թուրքիայից:
Էրդողանն այդպիսով կլուծի ազգային փոքրամասնությունների հարցը երկրում: Օսմանյան կայսրությունն էլ ոչնչացրեց իր քրիստոնյա բնակչության մեծ մասը՝ 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ սպանելով 1.5 միլիոն մարդու»:
Ֆիսկը հիշատակել է նաև 1937-1938 թվականներին Դերսիմում ավելի քան 50.000 քուրդ ու ալևի կոտորելու մասին:











































