Կիրակի մոտ 600 հազար բայքերներ են անցել ԱՄՆ մայրաքաղաքի փողոցներով ամերիկյան ազգային տոնի՝ Հիշատակի օրվա նախօրեին, որը նշվում է մայիսի վերջին երկուշաբթին: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Rolling Thunder շարժման հիմնադիր Արթի Մյուլլերին, որը զբաղվում է մոտոերթի կազմակերպմամբ:
«Մենք հավաքել ենք մոտ 500-600 հազար բայքերի, ինչպես ծրագրում էինք,- նշել է նա Վաշինգտոնի կենտրոնում Աբրահամ Լինքոլնի հուշարձանի մոտ ելույթի ժամանակ:- Ընդհանուր առմամբ մենք հանդիսատեսի հետ միասին ավելի քան 1 մլն էինք»: Միաժամանակ, մի շարք տեղական հեռուստաալիքներ հայտնել են, որ մոտոցիկլավարների երթի մասնակիցների թիվը գերազանցել է 1 մլն-ը: Շքերթի ժամանակ կարգուկանոնին հետևած ոստիկանությունը դեռ պաշտոնական տվյալներ չի ներկայացրել:
Զբոսաշրջիկների և ամերիկացիների շրջանում մեծ տարածում ունեցող շքերթն անցկացվել է 29-րդ անգամ: Բայքերների առաքելությունն է ուշադրություն հրավիրել ХХ դարի երկրորդ կեսին ԱՄՆ-ի վարած մեծաթիվ ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների և ռազմագերիների ճակատագրին: Դա ամենից առաջ վերաբերում է Վիետնամին:









































