ՀԱԿ խմբակցությունը Դիլիջանի միջազգային դպրոցի ներդրումային ծրագիրը չի մերժում միայն այն պատճառով, որ չի ցանկանում խոչընդոտել դեպի Հայաստան օտարերկրյա կապիտալի ներհոսքը: Նման տեսակետ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտնեց այսօր՝ հունիսի 19-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ՝ հավելելով, որ ՀԱԿ-ը ձեռնպահ է քվեարկելու դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ օրինագծին:
«Մենք չպետք է ձեռքից բաց թողնենք ներդրումային որևէ ծրագիր, պետք է կախվենք անգամ փրփուրներից, որպեսզի գոնե Դիլիջանում արտագաղթի, «փախեփախի» երևույթը դադարեցվի: Միաժամանակ, այս նախագծով, նժդեհականներն անում են ամեն բան՝ հայալեզու կրթությունը դարձնելու երկրորդ «սորտի»,- նկատեց Զուրաբյանը:
Նշենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու օրինագիծը երկրորդ ընթերցմամբ մտել է ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստի օրակարգ: Ընդդիմադիր պատգամավորները դեմ են արտահայտվում հարկային արտոնություններին:
Դպրոցի ստեղծմանը դեմ է հանդես գալիս նաև «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների ստեղծմանը» նախաձեռնությունը, որի անդամները նշում են, որ հայ երեխան իր հայրենիքում պետք է բացառապես հայկական կրթություն ստանա:









































