Համաշխարհային առաջնորդները և Հոլիվուդի աստղերը շնորհավորել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ, որը նա որոշել է նշել մեկուկես ամիս շուտ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հոբելյանական տոնակատարությունները ներգրավված են Երուսաղեմում «նախագահական» համաժողովի ամենամյա ծրագրում, որը նախաձեռնել է Պերեսը, և որին ամբողջ աշխարհից մասնակցում են մի քանի հազար քաղաքական գործիչներ, ձեռնարկատերեր, գիտնականներ, մշակույթի գործիչներ:
Ֆորումի գլխավոր հյուրը ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն էր, որի օրոք մեկնարկել է մերձավորարևելյան խաղաղ գործընթացը, իսկ Պերեսը՝ որպես դրա ճարտարապետներից մեկը, արժանացել է Նոբելյան մրցանակի:
«Նրա երկարակեցության գաղտնիքն այն է, որ նա ապրում է ապագայով, ոչ թե անցյալով, միշտ մտածում է վաղվա օրվա մասին: Հենց նոր նա խոստացավ, որ կգա իմ 80-ամյակին, 90-ամյակին և ելույթ կունենա իմ հուղարկավորությանը»,- ասել է 68-ամյա Քլինթոնը՝ հոբելյարին անվանելով վերջին իսրայելացի, ով անձամբ ճանաչել է Դավիթ թագավորին:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ՝ ներկայում մերձավորարևելյան «քառյակի» միջազգային միջնորդների ներկայացուցիչ Թոնի Բլերը Պերեսին համեմատտել է Էլիզաբեթ 2-րդի հետ. «Մեծ Բրիտանիայում մենք թագուհի ունենք, դուք ունեք ձեր Շիմոնին»:
«Նա դատողություններ է անում ռոբոտների, գենետիկայի, ուղեղի հետազոտության մասին: Ամեն ինչի մասին… Շիմոն, դու ապացուցեցիր, որ ցանկացած տարիքում կարելի է լինել երիտասարդ և հետաքրքրասեր»,- շնորհավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր նախագահին:
Իսրայելի նախագահի համար երգել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Բարբարա Սթրեյզանդը, իսկ լեփ-լեցուն դահլիճում ներկա էին հոլիվուդյան աստղեր Ռոբերտ դե Նիրոն և Շերոն Սթոունը:








































