Հունիսի 20-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում հունիսի 20-ին կբացվի «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդեսը: Միջթանգարանային համագործակցության շրջանակում «Գաֆէսճեան»-ի նախաձեռնած ցուցադրությանը կներկայացվի Հարություն Կալենցի ստեղծագործությունների ընտրանին «Կալենց» թանգարանի հավաքածուից:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը:
Քանի որ նկարիչն աշխատել է գեղանկարչական 3 հիմնական ժանրերում՝ նատյուրմորտ, բնանկար և դիմանկար, ուստի այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ արվեստագետի գունամտածողության արտացոլմանը տարբեր տեսանկյուններից:
Կալենցի համար գույնը այս կամ այն երևույթի արտաքին կերպարը մատնանշելու համար չէր: Ինչպես Մատիսն էր սիրում ասել. «Ես չեմ օգտագործում կանաչ և կապույտ գույները խոտ ու երկինք նկարելու համար»: Նույնը Կալենցի դեպքում է. նա գունային բծերի ու շերտերի միջոցով կերտում էր ձև, ծավալ, լուսաստվեր, կառուցում հեռանկար:
Վերոնշյալ ցուցադրությունը ցույց է տալիս թե՛ արվեստագետի ստեղծագործական փնտրտուքները 1960-ականների շեմին, թե՛ արդեն հստակ ձևավորված լեզուն և թե՛ վերջնական հեռացումը իրականությունից՝ գրեթե վերացական ձևերի մեջ:
Գեղանկարներին զուգահեռ ներկայացնելով նկարչի գրաֆիկական տարբեր շարքեր՝ ցուցադրությունը ներկայացնում է Կալենցի «ստեղծագործական խոհանոցը», որտեղ վարպետը կատարելության էր հասցնում իր ձեռագիրը, նոր ձևեր ու մոտեցումներ փորձարկում և ապա փոխանցում կտավին:
Կալենցն ասում էր. «Վերջում բոլոր իզմերը կվերանան, կամփոփվեն մեկ ամբողջության մեջ, կդառնան բնություն»:
Ցուցահանդեսը կտևի մինչև 2013 թ. սեպտեմբերի 22-ը: Մուտքն անվճար է:













































