«Հայկական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը, որը կարող է դառնալ «Արմավիա»-ին փոխարինող 3 ավիաընկերություններից մեկը, արդեն իսկ ոչ այնքան հաջող պատմություն ունի: Այն ստեղծվել է 2002-ին` Գագիկ Ծառուկյանի, Հրայր Հակոբյանի և Լևոն Բաղդասարյանի կողմից` «Հայկական ավիաուղիներ» ընկերության արհեստական սնանկացման հիման վրա (հենց այդ ընկերությունը սնանկացնելու հաշվին էլ ստեղծվել է նաև «Արմավիան»): Կարճ ժամանակ անց` 2003-ին, Քաղավիացիայի գլխավոր վարչությունը զրկում է «Հայկական միջազգային ավիաուղիներին» Երևան-Վիեննա-Երևան չվերթն իրականացնելու հնարավորությունից, քանի որ ընկերությունը խախտել էր չվերթի ժամանակացույցն ու օրենսդրությանը չհամապատասխանող պայմանագրեր էր կնքել:
2005-ին ընկերությունը միավորվում է «Արմավիա»-ի հետ, թեև այդպես էլ պարզ չի դառնում, թե կոնկրետ ինչ մասնակցություն ունի «Արմավիա»-ում՝ ընդհանրապես ու ավիափոխադրումներում` մասնավորապես: Ակնհայտ է, սակայն, որ վերջին տարիներին «Արմավիա»-ում իրականացված ապաշնորհ մենեջմենթը բնորոշ է նաև այս ընկերությանը: Ընդհանրապես, այս ընկերության մյուս սեփականատերերն էլ են աչքի ընկնում իրենց բիզնեսները հնարավորինս գաղտնի պահելով, ինչը ևս մի շարք անպատասխան հարցեր է առաջացնում:









































