Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Թուրքիայի ամենախոշոր քաղաքներում շարունակվում է Ստամբուլից մեկնարկած քաղաքացիական ըմբոստության լայնածավալ ալիքն՝ ի պաշտպանություն Ստամբուլի Գեզի պուրակի: Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել էին Գեզի այգու ծառերի մի մասը կտրել՝ այդ հատվածը ճանապարհ դարձնելու, տոնավաճառ կառուցելու համար, ինչին ի սկզբանե դեմ էին դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավորներ և հասարակական գործիչներ։ Չնայած դրան՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե որոշումն ընդունված է, և այգին քանդվելու է։
Իշխանությունների այս պատասխանը հանրային դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել և մարդկանց մղել փողոց՝ Ստամբուլի կենտրոնում գտնվող Գեզի այգու պահպանման համար հերթապահելու: Անընդհատ իշխանության կողմից բռնության ենթարկվելով՝ ակտիվիստներն ավելի ու ավելի վճռական դարձան, գրավեցին քաղաքի բոլոր կենտրոնական հատվածները, հրապարակները՝ հաստատելով, որ պահպանելու են Գեզի այգին:
«Առաջին լրատվական»-ի թղթակիցը Թուրքիայում զրուցել է իրադարձությունների կիզակետում գտնվող, Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի նախկին պատասխանատու խմբագիր, ներկայում IMC հեռուստաընկերության ծրագրավորող Արիս Նալջըի հետ, ով պատմել է մեկնարկած շարժման մանրամասները:
Նալջըն նշել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսում է այն մասին, որ այս շարժումը կազմակերպված է ամերիկյան և այլ ուժերի կողմից: Բայց, նրա գնահատմամբ, սա ինչ-որ կերպ նոր շարժում է կազմակերպված նոր սերնդի՝ 90-ական թվականներին ծնվածների կողմից: «Այս շարժման մեջ հայեր էլ կան, քուրդեր, սիրիացիներ, բոլոր փոքրամասնությունները: Վերջին օրերի ընթացքում ճնշումների են ենթարկվում լրագրողները, որովհետև մենք ինչ-որ կերպ փոխանցում ենք տեղեկություններ Ստամբուլում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ոստիկանությունն այլ քաղաքներից մասնավորապես կենտրոնանում է Ստամբուլում և արցունքաբեր գազ ու զենք օգտագործում սեփական ժողովրդի դեմ»,- նշել է Նալջըն՝ հավելելով, որ իշխանությունները հրաման չեն տալիս նույնիսկ բուժել վիրավորներին:
Առաջարկում ենք ամբողջական հարցազրույցին ծանոթանալ տեսանյութի միջոցով:





































