Իրանի նախագահական ընտրությունները անակնկալ զարգացում ունեցան՝ ի դեմս բարեփոխիչ հոգևորական Հասան Ռուհանիի հաղթանակի, ինչին չէր սպասում ոչ ոք, և նույնիսկ միգուցե ինքը՝ Ռուհանին էլ: Ինչ-որ իմաստով նույնիսկ կարելի է ասել, որ իրանական ընտրությունները նման էին Հայաստանի նախագահական ընտրություններին, որտեղ ևս եղավ անսպասելի արդյունք Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Պարզապես Հովհաննիսյանին, իհարկե, ոչ ոք թույլ չտվեց հասնել 50 տոկոսի՝ նրան թողեցին 37-ի վրա, իսկ Իրանում բարեփոխիչ հոգևորականը դարձավ նախագահ:
Այս իրադարձությունը Հայաստանում շարքային ընկալման և ուշադրության է արժանացել: Մինչդեռ Իրանում տեղի ունեցածը կարևոր է առաջին հերթին Հայաստանի համար: Եթե անգամ նոր նախագահի դեպքում Հայաստանի և Իրանի փոխհարաբերությունները չփոփոխվեն, միևնույն է՝ այստեղ էական է նաև Իրանի և Արևմուտքի փոխհարաբերությունների, Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը, որոնք, անկասկած, իրենց ազդեցությունն են ունենալու նաև Հայաստանի վրա:
Այստեղ արժե ուշադրություն դարձնել մի հետաքրքրական հանգամանքի վրա: Իրանի նախագահական ընտրություններից առաջ, երբ պարզ էր, որ երկրում նախագահ էր փոխվելու, Հայաստանում Իրանի դեսպանը հանդես եկավ մի շարք հետաքրքրական հայտարարություններով՝ կապված հայ-իրանական հարաբերությունների, էներգետիկ նախագծերի, գազի, երկաթուղու հետ: Օրինակ՝ նա հայտարարեց, որ Իրանը կարող է ավելի էժան գազ տալ Հայաստանին, քան ռուսականն է, նաև հայ-իրանական երկաթուղու հարցում է սպասում Հայաստանի քայլերին:
Ինչ-որ առումով այս հայտարարությունների մեջ որոշակի դիտողության տոնայնություն կար: Թե ինչ էր ուզում ասել Իրանը Հայաստանին նախագահական ընտրություններից առաջ՝ պարզ չէ, բայց նկատելի էր, որ Թեհրանը հայ-իրանական ներկայիս հարաբերությունների շատ ասպեկտներից գոհ չէ: Սա էլ նշանակում է, որ նախագահական ընտրություններից առաջ Թեհրանը Երևանին փորձում է տրամադրել նոր հարաբերությունների: Իսկ ընտրությունների արդյունքներն ինքնին կարծես վկայում են Թեհրանի նման տրամադրվածության մասին ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի հետ:
Իհարկե, այստեղ ամեն ինչ հարաբերական է՝ Ռուհանին բարեփոխիչ է, բայց հոգևորական, ինչը բարեփոխումը դարձնում է հարաբերական: Մյուս կողմից, սակայն, իրանական հասարակությունում հոգևորականությունը մեծ ազդեցություն ունեցող գործոն է, և եթե բարեփոխումների օջախը այստեղ է, ապա այն կարող է բավական խորքային ու հեռուն տանող զարգացումներ ունենալ՝ առաջին հայացքից հարաբերական թվացող, սակայն իրականում լինելով հենց այն դեպքը, երբ փոփոխությունները Իրանում կարող են ունենալ առավելագույն ամրության հիմքեր՝ հարաբերական լինելով դինամիկայի առումով:
Ի վերջո, մի հարցում բոլորն են կարծես միակարծիք՝ իրանական քաղաքական և կառավարման համակարգի ճկունության: Եվ այս իմաստով, իհարկե, կարող ենք գործ ունենալ ընդամենը մարտավարական խաղի հետ, որ Թեհրանը փորձեց մատուցել Իրանում հետընտրական ցնցումներ սպասող Արևմուտքին: Սակայն հատկապես կառավարման ամբողջատիրական համակարգերի պայմաններում, որպիսին Իրանում է, մարտավարական մանևրներն անգամ ենթադրում են որոշակի ազդեցություն ռազմավարական հարցերի վրա, որովհետև ամբողջատիրական համակարգերը իրենց բնույթով գերպահպանողական են՝ հատկապես Իրանում, և եթե առաջացել է բարեփոխման մանևրների անհրաժեշտություն, ուրեմն առաջացման պատճառներն իսկապես ծանրակշիռ են:










































