Այն, ինչ կատարվում է Հայաստանում, չի կարելի միգրացիա անվանել. սա դեպոպուլյացիա է: Այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված քննարկման ժամանակ, խոսելով արտագաղթի մասին, նման կարծիք հայտնեց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը. «Միայն Երևանում հարցում անցկացնելով՝ պարզել ենք, որ 1000 մարդուց հնարավորության դեպքում մեկնելու ցանկություն է հայտնել 46 տոկոսը, տղամարդկանց մոտ ավելի բարձր է ցուցանիշը, երիտասարդների մոտ այն կազմում է 52 տոկոս»:
Հարցման արդյունքում պարզվել է նաև, որ արտագաղթելու ցանկության հիմնական պատճառն է՝ աշխատանքի, հեռանկարի, արդարության բացակայությունը: Հարցին՝ կուզենային իրենց երեխաներն ապրեն այստե՞ղ, թե՞ արտասահմանում, 52 տոկոսը պատասխանել է՝ արտասահմանում
Քննարկման մյուս բանախոսը՝ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, նշեց, որ արտագաղթի պատճառներն են արդարության պակասը, գործազրկությունը և հեռանկարի բացակայությունը. «Մեկնողների մեծ մասը ոչ թե աշխատանք չունեցողներն են, այլ նրանք, ովքեր ունեն աշխատանք, բայց էլի ինչ-որ բան պակասում է՝ այստեղ հեռանկարն է բացակայում: Թեև իշխանությունը չի ժխտում, որ կա արտագաղթ, բայց ինչո՞ւ քայլ չեն ձեռնարկում: Օրինակ՝ մեկնողներին որևէ մեկը փորձե՞լ է համոզել, որ չմեկնեն»:
Ա. Օհանյանի կարծիքով՝ գուցե սրա մեջ կա նաև մամուլի մեղքը, և արտագաղթի մասին շատ գրելը հնարավոր է՝ գովաբանություն է դարձել:








































