Կարծիքների հետ, թե բյուջեի կատարողականի ժամանակ միջոցների փոշիացում և անուղղելի թերացումներ են գրանցվում, միանշանակորեն համաձայնել չի կարելի: Այս մասին այսօր կայացած ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ անդրադառնալով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը:
Նա միաժամանակ հավաստիացրեց, որ Վերահսկիչ պալատի կողմից այս կամ այն ծրագրում արձանագրված որևէ թերացում անհետևանք չի մնում: «Այո, կան ծրագրեր, որոնցում գործադիրը թերացումներ է հայտնաբերել: Միաժամանակ, պետք է ասել, որ կոնկրետ շինարարության ոլորտում հայտնաբերված թերացումները համատարած բնույթ չեն կրում: Կարծում ենք, որ շինարարական ծրագրերը ծառայում են ի սկզբանե նախանշված նպատակներին: Սակայն նաև համոզված ենք, որ բոլորիս համատեղ ջանքերով պետք է օրենսդրական բացերը շտկվեն»,- նշեց Արմեն Գևորգյանը:
Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ նա նկատեց, որ միջազգային մի շարք դրամաշնորհային ծրագրերի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել են աղբահանության և աղբամշակման համապատասխան նախագծեր: «Ներկայումս քննարկվում են նաև սոցիալական փաթեթի շրջանակում մատուցվող բժշակական ծառայություններն առավել հարմարավետ դարձնելուն առնչվող հարցեր: Համոզված ենք, որ առկա խնդիրների համար շահավետ լուծումներ կգտնվեն»,- ասաց ՀՀ փոխվարչապետը:
Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ գործադիրի կազմում ստուգումներ իրականացնող 16 մարմինները 2008-2012 թվականների ընթացքում իրականացրել են ավելի քան 15 հազար ստուգումներ. «Ամենատարբեր ոլորտներում հայտնաբերված խախտումների և չարաշահումների արդյունքում բյուջե զգալի միջոցներ են ուղղվել: Ինչ վերաբերում է օրենսդրական բացերին, պետք է ասեմ, որ ցավոք, այստեղ շատ անելիք ունենք: Անելիքներ կան նաև մեթոդական դաշտում»։
ՀՀ փոխվարչապետի խոսքերով՝ կառավարությունը որևէ կաշկանդվածություն չունի այս կամ այն ոլորտում հայտնաբերված չարաշահումների մասին դատախազություն հաղորդում ներկայացնելու: «Դրանից մեր հեղինակությունը միայն կմեծանա, սակայն իրավապահ մարմիններ գործեր ուղարկելը չպետք է ինքնանպատակ բնույթ կրի»,- ասաց նա:









































