Իրանի նախագահի Լիբանան այցին անդրադարձել է գերմանական Die Welt թերթը: Հոդվածի հեղինակ Գափրիելա Կելլերի կարծիքով, դրանով Ահմադինեժադը փորձում է ցույց տալ, որ մեծ ազդեցություն ունի հրեական պետության անմիջապես սահմանների մոտ: Կելլերը նշում է, որ այցելության ժամանակը պատահական չի ընտրված. Լիբանանը կանգնած է լուրջ ներքաղաքական ճգնաժամի առջև: Երկրում քննարկվում է նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության դատավարությունը: Շատ շուտով մեղադրանքներ կառաջադրվեն Հիզբոլլային: Այս ֆոնին Իրանի նախագահի սադրիչ հայտարարություններն ու գործողություններն էլ ավելի են լարում իրավիճակը երկրում: Հոդվածագրի կարծիքով, ամենաշատը Հիզբոլլան կարող է օգուտ քաղել այս այցից` ցույց տալով, որ ունի Իրանի պես երկրի աջակցությունը: Ի տարբերություն այս կազմակերպության՝ մյուս քաղաքական ուժերն ու կառավարության անդամներն ամեն կերպ փորձում էին այցը ներկայացնել այնպես, կարծես դիմավորում էին սովորական մի երկրի նախագահի եւ արտառոց ոչինչ չկա դրանում: