Coca-Cola-ի գովազդային արշավը սկանդալ է առաջացրել Բելգիայում: Բանն այն է, որ ըմպելիքի շշերին գրված բելգիական անձնանունների մեջ չկա ոչ մի մուսուլմանական անուն: Այս մասին հաղորդում է Oumma.com կայքը:
Գովազդի կարգախոսը յուրաքանչյուրին կոչ է անում ընտրել իր անվամբ շիշ: Մուսուլմանական համայնքի ներկայացուցիչներին վրդովեցրել է այն հանգամանքը, որ այդ անունների թվում չկա ոչ մի մուսուլմանական անուն: 2010թ.-ից, սակայն, Մուհամմեդ և նման այլ անուններ գտնվում են բելգիական ամենատարածված անունների շարքում:
Բելգիայում մուսուլմանների խորհուրդը դիմել է ընկերությանը՝ բացատրություն պահանջելով նման մարքեթինգային խտրականության համար: Ապրանքանիշի ամերիկյան ներկայացուցիչները, սակայն, ասել են, որ անուններն ընտրելիս հաշվի են առել ոչ միայն բելգիացիների պահանջարկը, այլև առհասարակ եվրոպացիների, որոնց շարքում մուսուլմանական անունները այնքան էլ մեծ տարածում չունեն:
Նոր շշերը համանման արձագանք են առաջացրել նաև Մեծ Բրիտանիայի մուսուլմանների շրջանում:










































