Թուրքիայում արդեն երկու շաբաթից ավել ընթացող բողոքի ցույցի մի քանի անդամներ անցյալ գիշեր գնացել են վարչապետ Էրդողանի հետ հանդիպման: «Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացնում է թուրք ֆոտոլրագրող Ումուդ Վեդաթը՝ հավելելով, որ ցույցի այդ մասնակիցները ներկայացրել են իրենց պահանջները և պատասխանի սպասել, սակայն կեսից Էրդողանը զայրացել և դուրս է եկել հանդիպման սենյակից․ «Նրա քույրն է իրեն դուրս տարել: Իմ կարծիքով՝ նա սպասում էր անուղեղ մարդկանց, ովքեր պատրաստվում էին իր հետ հարգալից խոսել և իրեն որպես նախագահի վերաբերվել, նաև ավելի քիչ պահանջկոտ լինել, որպեսզի նա կարողանար այդ հանդիպումն օգտագործել դրսի համար՝ ցույց տալով, թե ուզում է իրավիճակը հարթել»:
Ումուդ Վեդաթն ավելացրեց, որ Գեզի այգում երեկվանից մինչ այսօր ակտիվիստները բաց քննարկում են անցկացրել, որոշել են պահպանել իրենց պահանջները, չեն պատրաստվում նահանջել և լքել այգին:
Այն հարցին, թե իրավիճակն այս պահին հանդա՞րտ է, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Այո՛, հանդարտ է այս պահին՝ ավելացնեմ նաև, որ զբոսայգի են եկել հարյուրավոր մայրեր, քանի որ օրեր առաջ Էրդողանը կոչ էր արել, թե տարե՛ք ձեր երեխաներին, մենք պատասխանատվություն չենք կրում նրանց անվտանգության համար։ Այս քայլով նրանք ուզում են ցույց տալ, որ իրենք այնտեղ են և կարող են պաշտպանել իրենց երեխաներին»:








































