Հայաստանի զինվորական ինստիտուտներ այս տարվանից կարող են ընդունվել նաև աղջիկները: Աղջիկների զինվորական ծառայության մասին այսօր լրագրողների հետ զրուցեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նա նշեց, որ տարբեր զարգացած երկրների բանակներում աղջիկները վաղուց անցնում են պարտադիր զինվորական ծառայություն, այդ առումով մենք հետ ենք մնում: Նրա կարծիքով` մեզ համար դրական տեղաշարժ կլինի, եթե բանակում կին զինծառայողների թիվը շատանա. «Բանակում կին-տղամարդ հարաբերությունները վաղուց կանոնակարգված են, երբ մենք պատերազմի մեջ էինք, շատ կին հրամանատարներ ունեինք: Նրանք մեզ զգաստացնում էին, ամեն ինչ կանոնակարգում էին: Կանայք ավելի պատասխանատու են բոլոր հարաբերություններում»:
Կոմանդոսի կարծիքով` կանայք շատ տեղերում ավելի լավ կարող են իրենց դրսևորել, քան տղամարդիկ, պարզապես մեզանում ընդունված է, որ տղամարդն ամեն ինչ կարող է: Նա ասաց, որ Արցախյան պատերազմում ունեցել ենք 25 կին զոհ, ովքեր և զենք են վերցրել, և տանկ են քշել. «Հայ կինն ունի կերպար, դժվար ժամանակ զենք է վերցրել, տարբեր ջոկատներում մասնակցել կռվին, հիմա էլ կարող է»,- իր խոսքն այսպես եզրափակեց նա:
Հավելենք, որ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում ընդունելությունն արդեն սկսված է:








































