Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին անցկացված «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթի հաղթող է դարձել Նիդեռլանդները ներկայացնող Սեդրիկ Վերվեուրտը: Վերջինս ներկայացրել է իմպրովիզ պար:
Մրցույթի հաղթողն արժանացել է 7 հազար եվրոյի չափով դրամական պարգևի:
Հայաստանը ներկայացնող 17-ամյա Վահագն Մարգարյանը եզրափակիչ փուլ չի անցել:
Հայաստանյան պատվիրակի «Փակուղին» բեմադրել էր Շվեդիայի թագավորական թատրոնի մենապարող Արսեն Մեհրաբյանը, իսկ բեմադրության երաժշտությունը հեղինակել էր Օտտո Բուբենչիկը: Պարեղանակի մեջ հնչել է դուդուկ և ջութակ:
Մրցույթին մասնակցել է 10 երկիր` Հայաստանը, Բելառուսը, Նիդեռլանդները, Շվեդիան, Ուկրաինան, Չեխիան, Լեհաստանը, Նորվեգիան, Սլովենիան և Գերմանիան: Մասնակիցները հանդես են եկել նաև խմբային պարով:










































