Հունիսի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդի: Հայտնի է, որ նա արձակուրդն անցկացնում է արտերկրում: ՀՀ Սահմանադրության համաձայն` այս 10 օրերին Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան է դարձել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Իշխանական շրջանակներում կատակում են, որ նման դեպքերում Հ. Աբրահամյանն իրեն զգում է ինչպես երկնքում և սկսում է կարգադրություններ անել ԱԺ-ից դուրս, իհարկե` միայն այն պաշտոնյաներին, ովքեր քիչ թե շատ կրում են նրա ազդեցությունը: Հայտնի է, որ նույնիսկ արձակուրդ մեկնած ժամանակ Ս. Սարգսյանն անընդհատ կապի մեջ է ՀՀ պաշտոնյաների հետ, և անհրաժեշտության դեպքում ինքն է կարգադրություններ անում: Այդուհանդերձ, Հ. Աբրահամյանի համար երկրի նախագահի արտերկիր մեկնելը լավագույն առիթ է թեկուզ ժամանակավորապես ՀՀ պաշտոնյաներին իր «առավելությունը» ցուցադրելու համար: Հենց սրանով է բացատրվում նաև երեկ ԱԺ-ում Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության ժամանակ թալանչիներին ուղղված նրա քննադատական խրոխտ ելույթը: Սովորաբար նման կոշտ տոնով երբեմն Սերժ Սարգսյանն է դիմում խորհրդակցության հրավիրած պաշտոնյաներին: Փաստ է, որ Հ. Աբրահամյանը երեկ պահը բաց չթողեց` նկատողություն անելով ՎՊ նախագահ Ի. Զաքարյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին էլ հասկացնելով, որ իր պաշտոնը Սահմանադրությամբ ավելի բարձր է:
Գաղտնիք չէ, որ ԱԺ նախագահը բավականին մեծ հավակնություններ ունի և տարիներ շարունակ փափագել է վարչապետ նշանակվել, սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ իր խնամիական կապն ու քաղաքական շահը իշխանության ներսում նրան անվստահելի են դարձրել: Բացի այդ, այս պաշտոնին հավակնելու համար նրա կրթական մակարդակը ժամանակների պահանջներին չի համապատասխանում: Ավելին` 2011թ. ավարտին տեղեկություններ շրջանառվեցին, թե Ս. Սարգսյանը բացահայտել էր, որ Հ. Աբրահամյանը մասնակցել է իշխանափոխություն կազմակերպելու ինչ-որ դավադիր ծրագրի, և հենց այդ պատճառով էլ նրան պաշտոնանկ արեց ԱԺ նախագահի պաշտոնից: Հ. Աբրահամյանը, սակայն, իրեն հատուկ ճկունությամբ, օգտագործելով նաև Ծառուկյանի հետ խնամիական կապը, կարողացավ ԲՀԿ-ին նորից կոալիցիա վերադարձնելու և նախագահական ընտրություններին Ս. Սարգսյանին սատարելու խոստում տալու միջոցով վերականգնվել պաշտոնին: Իհարկե, նա ի զորու չեղավ իր խնամուն համոզել, որ իրեն Ս. Սարգսյանի մոտ սևերես չթողնի՝ սատարի նրան ու մտնի կոալիցիա, բայց առժամանակ կարողացավ պահպանել պաշտոնը, ինչպես նաև՝ Ս. Սարգսյանի բացակայության պայմաններում իրեն թիվ մեկը զգալու և որոշ պաշտոնյաներին կարգադրություններ անելու հաճույքն ըմբոշխնելու հնարավորությունը:
Գաղտնիք չէ նաև, որ Հ. Աբրահամյանի հավակնությունները միայն վարչապետի պաշտոնով չեն սահմանափակվում: Նա նույնիսկ նախագահի թեկնածու դառնալու թաքուն հույսեր է փայփայում: Առայժմ, իհարկե, հայտնի չէ, թե 2018թ. ովքեր են լինելու Հայաստանի երկու խոշոր կուսակցությունների թեկնածուները: Ս. Սարգսյանը, բնականաբար, երրորդ անգամ չի կարող առաջադրվել: Կարծիք կա նաև, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դժգոհությունն այնքան մեծ է, որ նա դժվար թե համարձակվի առաջադրվել: Բացի այդ, արևմտյան ուժային կենտրոնները նույնպես կտրուկ դեմ են նրա թեկնածությանը: Ուստի պատահական չէ, որ իշխանական կուլիսներում արդեն քննարկվում է, որ Հ. Աբրահամյանը աշխատանքներ է տանում, որ կարողանա ձեռք բերել առաջադրվելու համաձայնություն: Այս դեպքում նույնպես նա խաղարկում է Գ. Ծառուկյանին: Որոշ տեղեկությունների համաձայն` նա փորձում է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ինքը 2018-ին կարողանա դառնալ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միասնական թեկնածուն, ապա իշխանական լծակներն օգտագործելով` նախագահ: Իհարկե, առաջիկա տարիներին շարունակելու է ուժի մեջ մնալ նաև իշխանության ներսից իշխանափոխության հարցը: Հատկապես, որ այդ ծրագրին կարող են օգնել լուծվելու փոխարեն օրեցօր ավելի խորացող սոցիալական խնդիրները, որոնք էլ իրենց հերթին են խորացնում հասարակական լարվածությունը:
Փաստորեն, հենց այս հանգամանքները նկատի ունենալով է Հ. Աբրահամյանը փորձում քաղաքական աստիճաններով առաջ մղվել: Ի դեպ, եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ նա իր կենցաղին ու պաշտոնական շարժուձևին նախագահին վայել ատրիբուտիկա է հաղորդել: Այսպես` նրա ծառայողական մեքենայի դիմացից և ետևից լուսաթարթիչներով ու ազդանշանով մեքենաներ են գնում, նրա համար երթևեկելու ճանապարհ բացում: Երբ նրա մեքենան կանգ է առնում, նա այնքան ժամանակ չի իջնում, մինչև ուղեկցող մեքենայից թիկնապահը չի իջնում և իր մեքենայի դուռը բացում: Ակնհայտ է, որ նա արդեն իրեն նախագահի պես է պահում, հատկապես, որ Ս. Սարգսյանը բացակայում է Հայաստանից, ու մի ամբողջ տասնօրյակ իրեն ՀՀ թիվ մեկ պաշտոնյան զգալու հնարավորություն է ստացել:







































