Գարնանային նստաշրջանի ընթացքում պառլամենտարիզմի ավելի բարձր նշաձող արձանագրվեց. այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով անցած գարնանային նստաշրջանին: Բանախոսը նշեց, որ ԱԺ-ն բավական բուռն գործունեություն ծավալեց հատկապես քննարկվող հարցերի առումով՝ կառավարության հաշվետվությունը, օրենքներ, օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հասարակական հնչեղություն ունեին, ինչպես նաև երեկ ԱԺ-ում կայացած քննարկումները:
Ըստ Ռուբեն Հակոբյանի, անկախ այն բանից, որ ընդդիմությունը թվով քիչ է ԱԺ-ում, ակտիվ և որակով մասնակցում է քննարկումներին, և սա ինչ-որ առումով պառլամենտարիզմի ավելի բովանդակային և որակյալ նշաձող է: Նա հիշեցրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկել կառավարության կատարողականին՝ բերելով իր հիմնական փաստարկները:
«Մեր փաստարկները հետևյալն էին, որ պետության զարգացմանը խանգարում է չորս գործոն։ Դրանցից առաջինը կոռուպցիան է, և այս առումով մեկ տարվա ընթացքում փոփոխություն տեղի չի ունեցել: Երկրորդը ստվերային տնտեսությունն է, այն կազմում է 50 %, և դարձյալ որևէ տեղաշարժ չի արձանագրվել: Այս տարվա ընթացքում ստվերային տնտեսությունը մնաց իր տեղում, հարկային դաշտ չտեղափոխվեց, և այս դեպքում իշխանությունների վարած քաղաքականության մասին խոսելն առնվազն միամտություն է: Երրորդ խոչընդոտը մենաշնորհն է. պետության հիմնական զարգացման օրակարգ չունենք: Իսկ չորրորդը օրենքի գերակայության բացակայությունն է:
Մենք նշեցինք, որ, անկախ արձանագրված թվերից, պետությունը, իշխանությունը պատրաստ չէ դիմակայելու ծառացած մարտահրավերներին: Գլխադասային հանձնաժողովը խուսափեց ՎՊ հաշվետվությանը գնահատական տալուց, ինչը զավեշտալի էր: Ավելի ազնիվ կլիներ՝ ասեին, թե ուզում են շառ ու փորձանքից հեռու մնալ, քան թե՝ ժամանակ չեն ունեցել քննարկելու»,- պարզաբանեց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ խմբակցությունն իր վերջնական գնահատականը կտա, երբ քննարկումներն ավարտվեն:
Իսկ գոնե հարցուպատասխանի ժամանակ, բանախոսի համոզմամբ, պարզ դարձավ, որ ինչ-որ բան անկեղծ չի մատուցվում խորհրդարանին: Ըստ նրա՝ միանշանակ է, որ ինչ-որ բան այնպես չէ, չի բացառվում, որ իշխանության ներսում ինտրիգներ ու խաղեր են… Խմբակցությունն իր գնահատականը կտա քննարկումների ավարտին:
Ճեպազրույցի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ եթե ԱԺ-ն թատրոն չէ, և այնտեղ հաշվետվություն է ներկայացված, ապա դրանից հետո բոլոր խմբակցությունների ղեկավարները իրենց ստորագրությամբ այն պետք է վերնագրեն «հաղորդում հանցագործության մասին» և ուղարկեն տասնօրյա ժամկետում համապատասխան մարմիններին։ Նրա խոսքերով՝ նյութերի նախապատրաստման փուլ կլինի, և պետք է հետևեն, որ հարուցվեն քրեական գործեր, պետք է նաև դատախազի կողմից տարբեր հայցեր ներկայացվեն, իսկ որոշ մարդիկ պետք է ներգրավվեն՝ որպես մեղադրյալ:











































