Այսօր Սարդարապատի թանգարանում կայացած կառավարության նիստին մասնակցում էր նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով նախ խոստացավ պատասխանել լրագրողների հարցերին, ապա առիթ փնտրելով` հեռացավ` խուսափելով հարցերից:
Մարգարյանը խուսանավեց նաև «Առաջին լրատվական»-ի հարցի պատասխանից, թե փաստորեն ինքը վարձահատո՞ւյց է լինում Սամվել Ալեքսանյանին` նրա մտերիմ Դավիթ Օհանյանին փոխքաղաքապետ նշանակելով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Սամվել Ալեքսանյանի մտերիմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը դառնում է Երևանի փոխքաղաքապետ:
«Առաջին լրատվական»-ի աղբյուրների փոխանցմամբ` Օհանյանի նշանակումից հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է դառնալու վարչական շրջանի ղեկավարի ներկայիս տեղակալ Արտակ Ալեքսանյանը, ով Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին է: Ի դեպ, մամուլում արդեն գրվել է, որ նա ընդամենը 25 տարեկան է:
Այսպիսով, Սամվել Ալեքսանյանը լիովին կվերահսկի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը՝ այս անգամ արդեն Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում ներկայացուցիչ ունենալով:
Հունիսի 15-ին Երևանի ավագանին նիստ է գումարելու, որի օրակարգում ընդգրկված է ՀՀԿ խմբակցության անդամ Կամո Արեյանին, Դավիթ Օհանյանին, Վահե Նիկոյանին և քաղաքապետի խորհրդական, Տարոն Մարգարյանի ընկեր Արամ Սուքիասյանին փոխքաղաքապետի պաշտոնում նշանակելու հարցը:
Փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը, փաստորեն, լքում է պաշտոնը: Մեզ հասած տեղեկություններով` նա կդառնա խորհրդական:




































