Երեկ մամուլում տարածվեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի նամակը՝ ուղղված «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նամակը հունիսի 20-ին Վիեննայում մեկնարկող Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված գագաթնաժողովի մասին էր:
Նամակում ԵԺԿ նախագահը տեղեկացրել է, որ անդրադառնում է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի՝ Tert.am կայքում հրապարակված հոդվածում տեղ գտած հայտարարությանը, որը վերաբերում է ԵԺԿ գագաթնաժողովին կուսակցության մասնակցությանը: Ըստ նամակի ոչ պաշտոնական թարգմանության՝ «ԵԺԿ-ի կանոնադրությամբ ԵԺԿ գագաթնաժողովի հրավիրյալները մեր քաղաքական ընտանիքին պատկանող կուսակցությունների ներկայացուցիչներն են, որոնք հանդիսանում են պետության կամ կառավարության ղեկավար, ուստի եթե ԵԺԿ անդամը կառավարության մաս չի կազմում, գագաթնաժողովին հրավիրվում են երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները, իսկ Հայաստանի պարագայում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է և վերընտրվել է նախագահի պաշտոնում: Նա ԵԺԿ գագաթնաժողովի հրավիրյալ է»։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ իր համար բացարձակապես անհասկանալի է, թե ում է հասցեագրված այդ նամակը: Ըստ նրա՝ աննախադեպ է այն, որ մամուլում տեղ գտած հրապարակման հիման վրա, ընդ որում՝ առանց միջազգային քարտուղարի հետ ճշտելու, առանց որևէ ստույգության Մարթենսի անունից նամակ է գրվում՝ այն դեպքում, երբ ինքն ավելի վաղ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, թե հունիսի 20-ին Վիեննայում կայանալիք ԵԺԿ գագաթնաժողովին «Ժառանգություն» կուսակցության մասնակցության հարցը չի քննարկվել:
«Այսինքն՝ չքննարկված հարցի վերաբերյալ նամակ են գրում, որ ի՞նչ անեն»,- նկատեց Ստեփան Սաֆարյանը:
Վերջինս ասաց, որ այս ամբողջ պատմության մեջ իր կասկածները վերաբերում են այն հարցին, թե ով է ուղարկել նամակը և վատ կացության մեջ դրել նրան, որովհետև արձագանքել է մի բանի, որի վերաբերյալ քննարկում չի եղել, ոչ ոք չի էլ դիմել դրան մասնակցելու համար:
«Հետևաբար չքննարկված հարցի հիման վրա ինչ-որ նամակ գրելը նշանակում է վատ ծառայություններ մատուցել Մարթենսին: Մարթենսի անձնակազմի կողմից միտում եմ տեսնում»,- նշեց Ստեփան Սաֆարյանը: Նա նշեց, որ չի կարծում, թե ԵԺԿ-ն հարց է դրել «Ժառանգությանը» հեռացնելու ԵԺԿ կազմից: Նրա փոխանցմամբ՝ «Ժառանգությունը» ստանում է ԵԺԿ բոլոր միջոցառումների հրավերները, ստանում են ամփոփագրերը, ուստի կարելի է ենթադրել, որ ԵԺԿ օրակարգում նման հարց չկա:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից հետո «Ժառանգությունն» իր դժգոհությունն էր հայտնել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսին՝ կոչ անելով վերանայել փետրվարի 18-ին ՀՀ-ում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների առիթով Սերժ Սարգսյանին շնորհավորելու՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության որոշումը: Հետընտրական շրջանում իր հրավիրած հանրահավաքներին Րաֆֆի Հովհաննիսյանը ևս անդրադառնում էր Մարթենսին՝ նրան հորդորելով ճանաչել հայ ժողովրդի հաղթանակը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































