Ազգային ժողովում շարունակվում են 2012 թ. կառավարության գործունեության վերաբերյալ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած հաշվետվության քննարկումները: Հաշվետվությանն անդրադարձավ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, ով երկու հարց ուղղեց Իշխան Զաքարյանին: Նա հետաքրքրվեց, թե դատական համակարգի օբյեկտների շինարարության ժամանակ օգտագործված մալուխը, որը Զաքարյանը ցուցադրեց հաշվետվության ներկայացման ժամանակ, եղել է մալուխի՞ մրցույթ, թե՞ շինարարության: «Շատ կցանկանայի, որպեսզի Դուք ՎՊ գործունեության գնահատականը հնչեցնեիք, երբ մարմիններն օրենքով սահմանված իրենց լիազորություններին չեն հետևում»,- հարց ուղղեց Արփինե Հովհաննիսյանը:
Պատասխանելով հարցին՝ Իշխան Զաքարյանն ասաց, որ «վատ է, պետք է հետևեն և պետք է անեն»: «Մալուխաշինարարության մրցույթ է եղել»,- ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը, գոհ չլինելով Զաքարյանի պատասխանից, ևս մեկ անգամ կրկնեց իր առաջին հարցը. «Պարոն Զաքարյան, ինչպե՞ս եք գնահատում ՎՊ գործունեությունը»: Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանը կրկնեց իր առաջին պատասխանը, ըստ էության՝ խուսափելով հստակ պատասխանից:









































