Չեխիայի կառավարության շենքում ձերբակալվել է վարչապետ Պետր Նեչասի գրասենյակի ղեկավարը: 47-ամյա Յանա Նագիևան նրան ամենից մոտ դաշնակիցներից մեկն է: Տեղի ԶԼՄ-ները հենց նրան են անվանում կառավարության ղեկավարի՝ վերջերս տեղի ունեցած ամուսնալուծության պատճառ: Այս մասին հայտնում է RBK-ն:
Իրավապահները ձերբակալել են նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և խուզարկություն անցկացրել նախարարների կաբինետում: Դա տեղի է ունեցել գիշերն իրականացված «ռեյդերի» ընթացքում: Նման տեղեկատվություն է տարածել Չեխիայի ոստիկանության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար պատասխանատու բաժնի մամլո ծառայությունը:
Որոշ տվյալներով կալանքի տակ են առնվել նաև Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, գյուղատնտեսության նախկին նախարար Իվան Ֆուկսը և այլք: Նրանք բոլորն ակտիվորեն աջակցել են Նեչասին:
Օպերատիվ-քննչական միջոցառումներ են անցկացվել Չեխիայի մի շարք դաշնային գերատեսչություններում, մասնավորապես ՝ Պաշտպանության նախարարությունում:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հունիսի 14-ին արտահերթ հանդիպում կգումարի՝ կապված աղմկալի ձերբակալությունների հետ:
Չեխիայի ԶԼՄ-ները պարբերաբար հաղորդում են կոռուպցիոն նոր սկանդալների մասին, որոնցում ներգրավված են ականավոր քաղաքական գործիչներ: Transparency International-ի գնահատականով՝ Չեխիայում գրեթե յուրաքանչյուր 5-րդ պետպատվեր իրականացվում է կանոնների շրջանցմամբ: Տնտեսությանը կոռուպցիայի պատճառած տարեկան վնասը գնահատվում է 3.5 մլրդ եվրո:









































