Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջնագիր է ներկայացրել ցուցարարներին, որոնք Գեզի այգում բողոքում են իր դեմ: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, կառավարության ղեկավարը մեկ օր է տվել ցուցարարներին՝ այգին և դրան հարակից Թաքսիմ հրապարակը լքելու համար:
«Նախկինում մենք հարվածին հարվածով չենք պատասխանել: Սակայն այժմ անվտանգության ուժերն այլ կերպ են գործելու: Այս ամենը կվերջանա 24 ժամվա ընթացքում»,- խոստացել է Էրդողանը:
Միաժամանակ նա չի պարզաբանել, թե ինչ ի նկատի ունի՝ ասելով, թե «անվտանգության ուժերն այլ կերպ են գործելու»: Ավելի վաղ վարչապետի կողմնակիցները բացահայտ հայտարարել են, որ ոստիկանությունը ցուցարարներին այգու տարածքից ուժով դուրս կմղի: Թերթի տվյալներով՝ ցուցարարները չեն պատրաստվում կատարել վարչապետի վերջնագիրը:
Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերն իր հերթին փորձել է հանդարտեցնել ցուցարարներին՝ անվանելով նրանց «երեխաներ»:
«Մենք հավատում ենք, որ մեր երեխաները անկեղծ են գործում, սակայն նրանք չեն կարող Գեզի այգում գտնվել սադրիչների հետ. երեխաները պետք է հեռանան»,- նախարարի խոսքերն է մեջբերում Hurriyet-ը:
Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ ոստիկանությունը «կկատարի իր աշխատանքը», եթե մեկ օր հետո այգում շարունակեն մնալ «մարգինալ տարրերը, որոնք սկսել են բախումները»:









































