Տեղական դեղարտադրողները դեղամիջոցներն արտահանում են՝ դրանք վստահելի են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ խոսելով դեղերի թանկացումներից և դրանց որակից:
Նա նշեց, որ թանկացումից, իհարկե, շատ է խոսվում, բայց դրանք այնքան էլ հիմնավորված չեն, քանի որ թանկացումները մեծ տոկոս չեն կազմում:
«Միշտ հաշվի են առնվում դոլարի կուրսի, տրանսպորտային գների տատանումները, ուստի վերջին եռամսյակում հիմնականում թանկացումը կազմել է 3-4 տոկոս: Գնային տատանումները մեծ չեն, և բալանսը պահպանվում է:
Սխալ են նաև կարծիքներն այն մասին, թե դեղարտադրողները համաձայնության են գալիս և միասին թանկացնում դեղամիջոցները: Օրինակ՝ երեք մեծ ներկրողներ ՀԴՄ-ների պահանջ են դնելու և ավելի թափանցիկ աշխատեն, իսկ թանկացումները դեղամիջոցների մի քանի խմբերի վրա են ազդում, իսկ մյուս խմբերն այդ ժամանակ էժանանում են, ուստի բալանսը պահպանվում է:
Գարնանը ալերգիկ սեզոնը սկսվում է, ավելանում է համապատասխան դեղամիջոցների պահանջարկը, շատանում է ներմուծումը, ուստի որոշակի թանկացում լինում է: Դա բիզնեսի օրենքն է: Մենք, որպես միություն, որևէ մեկի բիզնեսին չենք խառնվում»,- պարզաբանեց Սամվել Զաքարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ են դեղատներում դեղամիջոցների գները տարբեր, պատասխանեց, որ դեղատունն է նաև դեղի գինը որոշում, բայց քաղաքացին ազատ է գնել այն դեղատնից, որտեղ ավելի էժան է, քանի որ Հայաստանում չկա մի դեղամիջոց, որը մեկ ներկրող ունենա:
Անդրադառնալով դեղամիջոցների որակին՝ նա ասաց, որ թե տեղական, թե ներմուծված ապրանքը անցնում է փորձագիտական քննություն, որից հետո այն մտնում է շուկա, նաև նմուշներ են վերցվում դեղամիջոցների խմբաքանակներից:
Բանախոսն անհասկանալի է համարում տեղական դեղամիջոցների նկատմամբ հասարակության անվստահությունը, քանի որ տեղական արտադրանքի 52 տոկոսը արտահանվում է: Ավելին, ըստ նրա՝ եթե ներմուծված դեղամիջոցից մարդ իրեն վատ զգա, չի կարող կապ հաստատել դեղարտադրողի հետ, իսկ հայ դեղարտադրողները հասանելի են:




































